22–րդ գիտական նստաշրջանը շարունակվեց բաժանմունքներում
«Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22–րդ գիտական նստաշրջանն այսօր ժամը 14.00-ից շարունակվեց բաժանմունքներում։
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը բոլոր բաժանմունքների աշխատանքային խմբերին հղեց կոչ-հորդոր` աշխատելու կառուցողական մթնոլորտում և արդյունավետորեն: Նա շեշտեց, որ ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հրամայականն ուղղված է նախևառաջ տնտեսագետ գիտնականներին, և նրանք պետք է ասեն իրենց ծանրակշռ խոսքը:
«Նորաստեղծական քաղաքականությունը ազգային տնտեսության մրցունակության համատեքստում» խորագիրը կրող բաժանմունքում, որի համակարգողն է ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, առաջին զեկուցմամբ հանդես եկավ պրոֆեսոր Սամսոն Դավոյանը` «Երկրների բազմաբնույթ վերափոխումների գնահատումը ընդհանրական համաթվի միջոցով» թեմայով: «Ֆինանսական շուկաների և ենթակառուցվածքների զարգացում» խորագրով բաժանմունքը (համակարգող` ՀՊՏՀ կորպորատիվ ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյան) իր աշխատանքն սկսեց պրոֆեսոր Գևուշ Բաղդասարյանի «Գնագոյացման պետական կարգավորման հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ: «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները» խորագրով բաժանմունքում (համակարգող` ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյան) առաջինը ելույթ ունեցավ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դոցենտ Արտակ Մանուկյանը` «Բողոքարկման արդյունավետ համակարգի ստեղծման հիմնահարցերը ՀՀ պետական գնումների համակարգում» թեմայով:
Վաղը` նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին կգումարվի գիտաժողովի երկրորդ լիագումար նիստը: Ժամը 11.00-ից մինչև 14.00-ը նստաշրջանի աշխատանքը կշարունակվի բաժանմունքներում: Այնուհետև մասնակիցները գիտաժողովը կշարունակեն Աղվերանում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։