ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ելույթը ՀՊՏՀ 22–րդ գիտական նստաշրջանի բացմանը

Դիտումների քանակ՝ 956

Այսօր առավոտյան ժամը 10–ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկեց «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22–րդ գիտական նստաշրջանը։ Նստաշրջանի մասին մենք դեռ տեղեկատվություն կներկայացնենք, բայց այս պահին ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ելույթը նստաշրջանի բացմանը։

Մեծարգո Վարչապետ,
Հարգարժան հյուրեր, գործընկերներ,
Ուրախ եմ ողջունել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական նստաշրջանի մասնակիցներին և հյուրերին: 
Նստաշրջանը կանցնի «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» խորագրի ներքո:
Համալսարանում անցկացվող գիտական նստաշրջանները փորձագիտական յուրօրինակ հարթակ են Հայաստանի և համաշխարհային տնտեսության հրատապ հիմնախնդիրների քննարկման համար:
Այստեղ ավանդաբար հավաքվում են պետական կառավարման մարմինների, քաղաքական և գործարար ոլորտի ներկայացուցիչներ, համալսարանի գիտամանկավարժական անձնակազմը և, իհարկե, մեր գործընկերները մյուս համալսարաններից: 
Համալսարանական գիտական նստաշրջանների նպատակը մեկ տարում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համախմբված ներկայացումն է և հետազոտությունների հետագա ուղղությունների նախանշումը:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որդեգրել է համալսարանական գիտության զարգացման քաղաքականություն, ինչը մեծ պատասխանատվություն ու պատիվ է մեզ համար: Համալսարանական գիտնականները, բացի իրենց շնորհակալ ու արժանապատիվ առաքելությունից՝ ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով և կառավարման արդիական գործիքներին տիրապետող մասնագետների պատրաստումից, ունեն ևս մեկ կարևոր առաքելություն, որը, կարծում եմ, դեռևս լիարժեք իրացված չէ: Այն է՝ hանրապետության Կառավարության հայտարարած տնտեսության զարգացման գերակայությունների կենսագործման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
Հարկ է նշել, որ այդ տեսակետից Հայաստանի տարբեր համալսարաններ, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մշտապես հանդես են եկել նախաձեռնություններով:
Ակնհայտ է, որ արագ փոփոխվող աշխարհում տեղի ունեցող գործընթացները և համաշխարհային տնտեսության զարգացման վերջին շրջանի միտումներն ի հայտ են բերում նորանոր մարտահրավերներ, որոնք պահանջում են համարժեք պատասխաններ:
ՀՀ կառավարությունը հետճգնաժամային ժամանակահատվածի համար սահմանել է երեք գերակայություն՝ 
• տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, 
• մարդկային կապիտալի զարգացում,
• ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Արձագանքելով ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրին, ինչպես նաև կարևորելով բուհական գիտության մասնակցությունը երկրի զարգացման ծրագրերի իրականացմանը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարվել է նշված գերակայություններին առնչվող գիտահետազոտական նախագծերի ներքին գիտական դրամաշնորհների մրցույթ: Ներկայացվել է 19 հայտ՝ շուրջ 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ներկայումս այդ նախագծերը փորձաքննության փուլում են, որից հետո մրցութային հանձնաժողովը որոշում կկայացնի դրամաշնորհների հատկացման վերաբերյալ: Այս նախաձեռնությունն ընդամենը մեկն է միջոցառումների շարքից, որոնք նախատեսվել է իրականացնել համալսարանում գիտահետազոտական գործունեության ակտիվության բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է ստեղծել հետազոտական խմբեր և կիրառել նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ` երկրի զարգացման հրատապ հիմնախնդիրների առնչությամբ լուծումներ մշակելու, մեր գիտնականների ակադեմիական շարժունությունը բարձրացնելու նպատակով: 
Համալսարանի գիտնականները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովներին, արտասահմանյան պարբերականներում հրապարակում իրենց հետազոտությունների արդյունքները, սակայն, հետազոտությունների միջազգայնացման առումով դեռևս շատ անելիքներ կան: Այդ ուղղությամբ հնարավոր չէ էական հաջողությունների հասնել առանց մեր մյուս համալսարանների հետ սերտ համագործակցության: Համագործակցության ձևաչափերի և ուղղությունների մշակման համար, անշուշտ, կպահանջվեն հաճախակի հանդիպումներ ու քննարկումներ: 
Այդ տեսակետից, այս գիտական նստաշրջանը միտված է նաև այդպիսի քննարկումների ակտիվացմանը:
Հարգելի մասնակիցներ, մեզ սպասվում են նորարական քաղաքականության, ֆինանսական շուկաների և ենթակառուցվածքների զարգացման, սոցիալ-տնտեսական զարգացման գերակայություններին նվիրված հարցերի քննարկումներ, որոնք կարևոր են երկրի տնտեսության մրցունակության բարձրացման տեսանկյունից:
Հարգելի գործընկերներ, մեզ համար մեծ պատիվ է գիտական նստաշրջանին հանրապետության վարչապետի մասնակցությունը, որի համար բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում մեծարգո վարչապետին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր համալսարաններին, պետական կառավարման մարմիններին, Կենտրոնական բանկին, արդյունաբերողների և գործարարների միությանը գիտական նստաշրջանին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
Նստաշրջանի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:
Շնորհակալություն:

Հարգանքով՝ 
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան