ՀՊՏՀ–ում այսօր իր աշխատանքներն սկսեց «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» խորագրով գիտական նստաշրջանը

Դիտումների քանակ՝ 1083

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22–րդ գիտական նստաշրջանը։

Նստաշրջանին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, պետական կառավարման մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ բուհերի ղեկավարներ և ներկայացուցիչներ:


Բացման խոսքում ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը նշեց. «Համալսարանում անցկացվող գիտական նստաշրջանները փորձագիտական յուրօրինակ հարթակ են Հայաստանի և համաշխարհային տնտեսության հրատապ հիմնախնդիրների քննարկման համար:
Այստեղ ավանդաբար հավաքվում են պետական կառավարման մարմինների, քաղաքական և գործարար ոլորտի ներկայացուցիչներ, համալսարանի գիտամանկավարժական անձնակազմը և, իհարկե, մեր գործընկերները մյուս համալսարաններից: Համալսարանական գիտական նստաշրջանների նպատակը մեկ տարում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համախմբված ներկայացումն է և հետազոտությունների հետագա ուղղությունների նախանշումը»:

Ռեկտորը ներկաներին հայտնեց, որ նստաշրջանն ընթանալու է հագեցած ծրագրով, այն ներառելու է նորարական քաղաքականության, ֆինանսական շուկաների և ենթակառուցվածքների զարգացման, սոցիալ-տնտեսական զարգացման գերակայություններին նվիրված հարցերի քննարկումներ, որոնք կարևոր են երկրի տնտեսության մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց վարչապետին իր մասնակցությամբ նստաշրջանը պատվելու համար և գիտական եռօրյա նստաշրջանին ցանկացավ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:Ռեկտորի ելույթն ամբողջությամբ ՀՊՏՀ պաշտոնական կայքում է` asue.am հասցեով։

ՀՀ Կառավարության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք` ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը նշեց, որ քննարկումները և բանավեճերը խթանելու համար կներկայացնի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տրամաբանությունը, ուղղությունները` ակնկալելով, որ այդ ուղղությունները կհարստացվեն գիտաժողովի մասնակիցների կողմից, և որոշ թեմաներ կդառնան ուսումնասիրության առարկա:

«Մրցունակ լինելը պայմանավորված է կրթական մակարդակով: Համալսարանները պետք է ապահովեն գիտության և արտադրության միջև կապը՝ լինելով լրջագույն հետազոտական կենտրոններ: Բոլոր դասախոսներն անպայման պետք է զբաղվեն գիտությամբ, դրա մասին է վկայում աշխարհին փորձը: Բուհերը պետք է հանդիսանան հասարակության հենքը, և մեր քայլերն ուղղվելու են այդ նպատակի իրականացմանը»,– մասնավորապես ասաց Տիգրան Սարգսյանը` նստաշրջանի մասնակիցներին հորդորելով գիտական, հետազոտական ներդրում ունենալ նշյալ գործընթացներում, ընդգրկվել աշխատանքային խմբերում և հավաստիացրեց, որ դրանք կխրախուսվեն և’ պետության, և’ մասնավոր հատվածի կողմից:

Նստաշրջանի աշխատանքը ողջունեց նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նստաշրջանի առաջին լիագումար նիստն սկսվեց  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի` «Մրցունակության հայաստանյան մոդելը» թեմայով զեկուցմամբ:

Այնուհետև «ՀՀ տնտեսության կառուցվածքի բարելավումը որպես մրցակցության գերակա մարտահրավեր» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

«Գիտելիքահենք տնտեսության ձևավորման հեռանկարները» թեման ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ «Տեխնոլոգիական փոփոխությունները և գիտելիքի կուտակման երկար ալիքները» թեմայով զեկուցմամբ:

Գիտական 22-րդ նստաշրջանն այժմ իր աշխատանքներն է շարունակում բաժանմունքներում: Գիտական նստաշրջանը կամփոփվի նոյեմբերի 19–ին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին