ՀՀ կենսաթոշակային բարեփոխումները դարձել են երիտասարդ հետազոտողների քննարկման առարկա
Երեկ` նոյեմբերի 14-ին, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նիստերի սրահում Եվրասիական տնտեսական երիտասարդական համաժողովի շրջանակներում կազմակերպվել է «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով «Կլոր սեղան»: ՀՀ տնտեսության կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցության ուղիները» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՊՏՀ ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի արժեթղթերի շուկա մասնագիտության 1-ին տարվա ասպիրանտ Ասյա Խալաթյանը: Թեմայի շուրջ զեկուցումներ են ներկայացրել նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները: Բոլոր զեկուցողները ստացել են մասնակցության հավաստագրեր:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ բաժնի հետ զրույցում Ասյա Խալաթյանը նշեց, որ քննարկվող թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդ հետազոտողների շրջանում: Պատահական չէ, որ ելույթներից հետո ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները, որոնց թվում նաև ՀՊՏՀ ամբիոնի արժեթղթերի շուկա մասնագիտության մագիստրատները, հնարավորություն են ունեցել խնդրո առարկա հարցի շուրջ արտահայտելու իրենց տեսակետները, խոսելու այս համակարգի առավելությունների մասին, մատնանշելու թերություններն ու բացթողումները, կատարելու առաջարկություններ և առաջադրելու լուծումներ, ինչպես նաև հարցեր հղելու ելույթ ունեցողներին: ՀՊՏՀ ասպիրանտի դիտարկմամբ՝ «Կլոր սեղան»-ն անցել է կարծիքների ու տեսակետների փոխանակման, անկեղծ ու անմիջական մթնոլորտում:
«Այսպիսի միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս երիտասարդներին ինքնադրսևորվելու, այլև լավ առիթ են փոխհարաբերություններ հաստատելու բուհական համակարգի երիտասարդ գիտնականների հետ», -մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ասպիրանտը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին