Լույս է ընծայվել «Տնտեսագետի» սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը

Դիտումների քանակ՝ 891

Թանկագին ընթերցող, քիչ առաջ տպարանից բերվել է «Տնտեսագետի» նոր` սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը: Թեև աշխատանքային օրվա ավարտին ենք, սակայն ամսագրի լույսընծայմամբ զբաղվող լրատվության

և հասարակայնության հետ կապերի բաժինը սկսել է տարածել ամսագիրը բուհի ստորաբաժանումներով, ամբիոններով և դեկանատներով։ Այնպես որ, սիրելի ուսանողներ և գործընկերներ, հուսով ենք, որ երկուշաբթի օրվանից ամսագիրը հասանելի կլինի բոլորիդ։ Ամսագրի խմբագրակազմը հույս ունի, որ այն կընթերցեք հետաքրքրությամբ և ուսանելի շատ բան կգտնեք:
Անչափ կարևորելով մեր պետության կառուցման գործում երիտասարդ սերնդի դերն ու մասնակցությունը, մեր ունեցած ձեռքբերումների արժևորումը նորահաս սերնդի համար` «Տնտեսագետը» տարբեր թեմատիկ ընդգրկումներով ու տարբեր հայացքներով անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին։ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հարցազրույցում խոսում է անկախության արժեքի մասին՝ միաժամանակ առաջարկելով հայ ժողովրդի նորագույն պատմության այս փուլում առաջնորդվել «Ազատությունը որպես զարգացում» կարգախոսով։ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը «Մեր ժամանակի հերոսները» վերնագրի ներքո անդրադառնում է Հայաստանի շախմատի հավաքականի փառահեղ հաղթանակին։ Հայաստանի զինանշանի ստեղծման պատմությունն է ներկայացնում ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը։ Ամսագրի այս համարից կարող եք տեղեկանալ, թե ինչ հարցեր են բարձրաձայնել ուսանողները ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ հանդիպման ժամանակ:
Ավանդական խորագրերի կողքին սկսել ենք նորերը, մշտական հեղինակների հետ հանդես են գալիս նոր հեղինակներ: Թե վերը նշվածներից բացի, ինչ այլ թեմաներ է արծարծում նոր «Տնտեսագետը», կիմանաք, երբ ընթերցեք:
Մաղթում ենք հաճելի ընթերցում։
Որպես հիշեցում:
Շուրջ մեկ տարի է, «Տնտեսագետը» լույս է տեսնում ամբողջովին գունավոր, բարձր որակի տպագրությամբ, 500 օրինակ տպաքանակով և բաշխվում է անվճար: Հերթական համարը այս տարվա չորրորդ համարն է: Համալսարանի բոլոր ստորաբաժանումներին, այդ թվում` դեկանատներին, ամսագիրը բաշխում է լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Սիրելի ուսանողներ, ամսագիրը կարող եք ստանալ ձեր ֆակուլտետի դեկանատներում: Իսկ նրանք, ովքեր չեն հասցնի ձեռք բերել, թող չվհատվեն, շատ շուտով ՀՊՏՀ պաշտոնական կայքում կբեռնվի «Տնտեսագետի» էլեկտրոնային տարբերակը:
Սիրելի’ ընթերցող, հավատարիմ մնալով բարեփոխվելու և կատարելագործվելու իր որդեգրած սկզբունքին` «Տնտեսագետը» փորձում է անընդհատ նորանալ, փոխվել, ինչպես նաև լսել քո ձայնը: Մենք ակնկալում ենք հետադարձ կապ, ցանկանում, որ մեր ընթերցողները հանդես գան առաջարկություններով, նոր գաղափարներով, ինչպես նաև դիտողություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին