ՀՊՏՀ-ում այսօրվանից սկսվում է միջանկյալ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 894

ՀՊՏՀ-ում նոյեմբերի 5-16-ը միջանկյալ քննաշրջանի ժամանակահատված է, որի ընթացքում առկա բակալավրիատի 1-4-րդ կուրսերը քննություն կհանձնեն քննական բոլոր եղանակներով` համակարգչային թեստային, թեստային և գրավոր:

«Միջանկյալ քննաշրջանին նախորդած կազմակերպական ծավալուն ու ջանադիր աշխատանքը հաջողությամբ ավարտել ենք. ամեն ինչ արվել է, որպեսզի այս գործընթացն անցնի անխափան` համաձայն նախապես կազմված ժամանակացույցի: Համակարգչային թեստային քննությունների համար նախատեսված համալսարանի համակարգչային սրահները և մյուս քննասենյակները պատրաստ են ընդունելու քննություն հանձնող ուսանողներին»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և հույս հայտնեց, որ ուսանողները լավ են պատրաստվել միջանկյալ քննաշրջանին և հաջողությամբ կհաղթահարեն այն:
Խոսելով թվերի լեզվով` նշենք, որ այսօր՝ քննաշրջանի առաջին օրը, բակալավրիատի առկա ուսուցման բոլոր կուրսերի համար տարբեր առարկաներից համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով կանցկացվի 45 քննություն:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, միջանկյալ քննաշրջանը կընթանա դասերին զուգահեռ: Դասեր չեն կազմակերպվի միայն ամփոփիչ քննաշրջանի ընթացքում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաջողություն է մաղթում բոլոր ուսանողներին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին