Գեղանկարների միջֆակուլտետային մրցույթ՝ «Ուսանողական աշուն-2012» փառատոնի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 917

«Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում Երևանի օղակաձև զբոսայգու ՀՊՏՀ-ին հարող տարածքում այսօր, ժամը 14.30-ին մեկնարկեց գեղանկարների միջֆակուլտետային մրցույթը` ազդարարելով մշակութային միջոցառումների սկիզբը: ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների 3-ից 4 շնորհալի ուսանողներից բաղկացած թիմերն այս անգամ մրցում էին իրենց կատարած գեղանկարչական աշխատանքներով: Ֆակուլտետների թիմերին ստեղծագործելու համար տրվեց 1,5 ժամ, իսկ ավարտին բոլոր ֆակուլտետների ստեղծագործական թիմերը իրենց կատարած աշխատանքները ներկայացրեցին հեղինակավոր մրցատյանին:

«Այսօր ձեր կատարած աշխատանքները կգնահատեն իրենց գործի գիտակ և արվեստի բնագավառում ճանաչված մարդիկ` հայտնի նկարիչ, բազմաթիվ մրցույթների հաղթող և դափնեկիր Հրայր Գրիգորյանը և նկարիչների միության անդամ, Երևանի պետական հումանիտար քոլեջի փոխտնօրեն Գևորգ Սողոմոնյանը»,-ներկայացնելով մրցատյանին` ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:

Այնուհետև մրցատյանի ներկայացուցիչները շրջեցին` մեկ առ մեկ գնահատելով բոլոր նկարները: Այսպիսով, մրցատյանը լավագույնը ճանաչեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություների ֆակուլտետի թիմի ներկայացրած աշխատանքները, 2-րդ տեղը զբաղեցրին կառավարման, 3-րդը` ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների ստեղծագործական թիմերը: Ընտրվեց նաև մեկ նկար, որը ճանաչվեց մրցույթի լավագույն ստեղծագործությունը: Նշենք, որ լավագույնը ճանաչված «Քայքայում» վերնագրված կտավի հեղինակը մակրոտնտեսական կանխատեսում և քաղաքականություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Լիլիթ Ղազարյանն էր:
«Ինձ համար մեծ անակնկալ էր այսքան շնորհալի տնտեսագետ նկարիչներ տեսնելը: Հիշեք, որ նկարելով լուսավորում եք ոչ միայն ձեր,, այլև շրջապատի մարդկանց ճանապարհը: Շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ օրը ինձ պարգևելու համար»,- միջոցառման ավարտին դիմելով ուսանողներին` ասաց Հրայր Գրիգորյանը:
Սևակ Խաչատրյանի տեղեկացմամբ` միջանկյալ քննաշրջանի մեկնարկի կապակցությամբ «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումները ժամանակավորապես կընդմիջվեն: Դրանք կշարունակվեն քննաշրջանի ավարտից հետո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին