ՀՊՏՀ ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կատարումը կխրախուսվի. բացվեց ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1023

Այսօր ՀՊՏՀ դահլիճում լիագումար նիստով բացվեց համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանը: 
«Մենք, բուհի պրոֆեսորադասախոսական ամբողջ կազմն անչափ կարևորում ենք ուսանողների մասնակցությունը գիտական և հետազոտական աշխատանքներին, և մենք ամեն ինչ կանենք, որ ուսանողական նստարանից ձևավորվեն ու զարգանան մեր ուսանողների հետազոտելու, վերլուծելու կարողությունները».- ասաց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ բացելով նստաշրջանը։ Ռեկտորը նաև նշեց, որ գալիք տարվանից բուհի բյուջեում կնախատեսվեն դրամաշնորհներ` խրախուսելու համար ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը և մասնակցությունը գիտական նստաշրջաններին:

Իսկ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանն ասաց, որ «գիտական հետազոտությունը մոտիվացված է դարձնում կրթությունն ընդհանրապես» և վերհիշեց ուսանողական տարիներին իր առաջին խանդավառված մասնակցությունը ուսանողական գիտական նստաշրջանին, երբ դեռ չէր էլ կարող ենթադրել, որ իր կյանքն անմիջականորեն կապվելու է գիտությանը:
Նստաշրջանի աշխատանքներին իրենց մասնակցությունն էին բերել նստաշրջանի նախորդ` ֆակուլտետային փուլում հաղթած աշխատանքների հեղինակները և մագիստրանտները, որոնք նախորդ փուլին չեն մասնակցել: Հիշեցնենք, որ ֆակուլտետային փուլն անցկացվել էր 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 
Մինչ ամբիոնը կտրամադրվեր առաջին զեկուցողին, ողջույնի խոսքով հանդես եկավ ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանը: Նա նշեց, որ այս տարի նստաշրջանը կազմակերպվել է բուհի երկու կառույցների` ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի կողմից, ինչը ավելի կսերտացնի այդ երկու կառույցների համագործակցությունը: Վլադիմիր Գևորգյանը ներկայացրեց զեկուցումները գնահատող մրցատյանի կազմը (բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ), գնահատման միավորային համակարգը և տեղեկացրեց, որ նստաշրջանը կշարունակվի նոյեմբերի 1-ին և 2-ին:
Այսօր մասնակիցներն ունկնդրեցին 4 զեկուցում` հետևյալ թեմաներով. «ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակի գնահատումը» (զեկուցող` Էդուարդ Հակոբյան, մագիստր. 2-րդ կուրս), «ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի արդի խնդիրները» (զեկուցող` Լիլիթ Եսայան, բակալ. 4-րդ կուրս), «ՀՀ ապահովագրական շուկայի վերլուծությունը ԱՊՊԱ-ի գծով» (զեկուցող` Կանենդատյան Արգինե, մագիստր. 1-ին կուրս), «Շահույթի ծավալի ավելացման գծով պահուստների վերլուծությունը» (զեկուցող` Անուշ Միքայելյան, մագիստր. 2-րդ կուրս): Զեկուցումներից հետո ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն ուսանողներին հարցեր տվեցին, հնչեցին պատասխաններ, տեսակետներ:
Վաղը` նոյեմբերի 1-ին, ժամը 10.00-ին նստաշրջանի աշխատանքը կշարունակվի ՀՊՏՀ նիստերի սրահում (կենտրոնական մասնաշենք,երրորդ հարկ):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին