ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը

Դիտումների քանակ՝ 674

«Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր մեկնարկեց ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆուտբոլի առաջնության գլխավոր մրցավար Էլեոնորա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ֆակուլտետային թիմերը հանդես կգան երկու ենթախմբով: Եզրափակիչ դուրս կգան և հաղթողի կոչման համար կպայքարեն ենթախմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը: 

Գլխավոր մրցավարը ֆուտբոլիստ ուսանողներին մրցաշարի կանոններին ծանոթացնելուց հետո հնչեցրեց խաղի սկիզբն ազդարարող սուլիչը: Երկրպագուների ծափողջյունների տակ առաջինը մրցասպարեզ դուրս եկան հաշվապահական հաշվառման և աուդիտի ու տնտեսության կարգավորման և ՄՏՀ (միջազգային տնտեսական հարաբերություններ) հավաքականները: 

Հաջողություն ենք մաղթում բոլոր ֆակուլտետների թիմերին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին