Երկուշաբթի տեղի կունենա «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի բացումը

Դիտումների քանակ՝ 793

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում կանցկացվի «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնը:
«Փառատոնի ընթացքում ուսանողական առօրյան հագեցած կլինի բազմաբովանդակ, հիշարժան ու անակնկալներով լի հարուստ օրերով: Ուսանողները մասնակից կլինեն տարբեր մարզական ու մշակութային միջոցառումների, կպայքարեն առաջինը լինելու համար, ձեռք կբերեն նոր ընկերներ և, որ ամենակարևորն է, նրանց մեջ կարթնանա հաղթելու կամք ու ոգի»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը և ներկայացրեց այն միջոցառումները, որոնք կիրականացվեն փառատոնի շրջանակներում: 
Ըստ այդմ՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ՀՊՏՀ մարզադահլիճում: Այդ օրը կմեկնարկի վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնությունը: Մարզական միջֆակուլտետային  առաջնություններ կկազմակերպվեն նաև ֆուտբոլ,  սեղանի թենիս ու շախմատ մարզաձևերից: Սևակ Խաչատրյանը նշեց նաև, որ փառատոնյան օրերը կնշանավորվեն մշակութային ու ինտելեկտուալ մրցույթներով: Մասնավորապես` կկազմակերպվեն երգի, պարի, գեղանկարների, ուրախների և հնարամիտների ակումբների, «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» գիտակների թիմերի միջֆակուլտետային մրցույթներ: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, հաղթող ֆակուլտետը կորոշվի բոլոր մրցույթներում  գրանցված միավորների ընդհանուր քանակով: Սևակ Խաչատրյանը տեղեկացմամբ` կհաղթի առավելագույն միավորներ հավաքած ֆակուլտետը, որի անունը կհայտարարվի փառատոնի ավարտին` գալա համերգի ժամանակ: Հաղթողները կարժանանան պատվոգրերի, մեդալների և մրցանակների: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահն ասաց նաև, որ «Ուսանողական աշուն» փառատոնը վերոնշյալով չի սահմանափակվի: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն «Բաց դաս»-եր, պատմամշակութային արշավներ և այլ ուշագրավ միջոցառումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին