ՀՊՏՀ դոցենտը հանդես է եկել Լեոնիդ Ազգալդյանի մասին հրապարակմամբ

Դիտումների քանակ՝ 857

Արցախյան ազատամարտի լեգենդ, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Մատաղիսից դեպի Տոնաշեն տանող ճանապարհի Թարթառ գետի կամրջի հանդիպակաց ժայռին տեղադրվել է Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակումով հանդես է եկել ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Դավթյանը: Նա լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է տրամադրել իր հրապարակման ամբողջական տեքստը, որին  կարող եք ծանոթանալ ստորև: Իսկ օրաթերթում նրա հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20121018_23&flag=am:


«Սա Հայաստանն է` և վերջ»
                                                           Լեոնիդ Ազգալդյան
 
Այս տարի հունիսի 21-ին լրացավ Արցախյան ազատամարտի լեգենդ, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին լրանում է ծննդյան 70-ամյակը:
Նրա զինակիցների հավաստմամբ, և իրավմամբ նա Հայկական բանակի հիմնադիրներից է: Ղարաբաղյան շարժման առաջին օրից Լեոնիդ Ազգալդյանը որպես բնատուր ռազմական տաղանդավոր գործիչ լծվեց ազգային-ազատագրական պայքարին` ստեղծելով «Ազատագրական բանակ» ռազմական կազմավորումը: Նրա հրամանատարությամբ իր ստեղծած զորամիավորումը մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական մարտերին: Լեգենդար հրամանատարը առաջիններից մեկն էր, որ նշեց «Ֆիդայական ջոկատները այս պատերազմում այլևս անելիք չունեն: Պետք է ստեղծել կարգապահ և մարտունակ բանակ»:
Հատկանշական է այն, որ յուրաքանչյուր մարտական գործողությանը նա պատրաստվում էր ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ: Պատահական չէ, որ մարտական գործողություններից միավորումը դուրս էր գալիս նվազագույն կորուստներով:
Ցավոք, 1992 թվականի հունիսի 21-ին նա զոհվեց դավադիր գնդակներից` Մատաղիս և Տոնաշեն գյուղերի հարակից բարձրունքում:
Փառապանծ հրամանատարի հիշատակը հավերժացնելու համար ծնունդով Մատաղիս գյուղից, ՀՀ ԳԱԱ նախագահության սփյուռքի բաժնի պետ, ԵՊՀ պրոֆեսոր,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանի և ծնունդով Տոնաշեն գյուղից` ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը նախաձեռնեցին և կազմակերպեցին Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի տեղադրումը Մատաղիսից դեպի Տոնաշեն տանող ճանապարհի Թարթառ գետի կամրջի հանդիպակած ժայռին:
Հուշաքարի հանդիսավոր բացման արարողությունը մեծ շուքով տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին (ի դեպ «13»-ը նրա գաղտնաբառն էր): Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վ. Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինվորներ, Մատաղիսի և Տոնաշենի համայնքների բնակիչներ, դպրոցականներ, հյուրեր Երևանից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հուշաքարի բացման միջոցառմանը իրենց ջերմ մասնակցությունը ունեցան Լ. Ազգալդյանի զինակից ընկերները Արցախի ազատամարտիկների միության Մարտակերտի տարածքային բաժանմունքի նախագահ Գրիգորի Միրզոյանի գլխավորությամբ:
Հուշաքարի բացման պատվին արժանացան «Ազատագրական բանակի» «Արցախյան ճակատի» հրամանատար Վլադիմիր Բալայանի մայրը` Դարիկո մայրիկը և պրոֆեսոր Վ. Բարսեղյանը:
Հուշաքարը օծեց Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարսեղ քահանա Անդրյանը:
Իր ելույթում գեներալ-մայոր Ա. Մակարյանը ընթերցեց ԼՂՀ կառավարության հոկտեմբերի 12-ի որոշումը Լ. Ազգալդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումների գրաֆիկի հաստատման մասին:
Ելույթ ունեցան Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վ. Խաչատրյան, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը, Վլադիմիր Բալայանի մայրը` Դարիկո մայրիկը, շրջանային հիվանդանոցի վաստակաշատ բժիշկուհի տիկին Միլետա Հովհանիսյանը, վաստակաշատ ուսուցչուհի Նելլի Գասպարյանը և այլոք: Ելույթ ունեցողները հիշեցին դրվագներ Լ. Ազգալդյանի անցած մարտական ուղուց, կարևորերեցին տեղադրման նշանակությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման գործում:
Ելույթ ունեցողները և միջոցառման բոլոր մասնակիցները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին հուշաքարի պատրաստման և տեղադրման կազմակերպիչներ պրոֆեսոր Վանյա Բարսեղյանից և Վլադիմիր Պողոսյանից, ովքեր ղարաբաղյան շարժման առաջին օրվանից անմիջական մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գուծողություններին:
Հուշաքարից բաժանվելիս Լ. Ազգալդյանի հայացքում կարդացի նրա իսկ ասած հետևյալ միտքը. «Մի հավատացեք եթե գան ձեզ ասեն, որ զոհվել եմ ես: Ես Իսթամբուլի պատերի տակ եմ ընկնելու»:

«Ջրաբերդ» ՀԲ միության նախագահ,
ՀՊՏՀ-ի դոցենտ Վլադիմիր Դավթյան