ՀՊՏՀ-ն մասնակցեց «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովին

Դիտումների քանակ՝ 908

Հոկտեմբերի 8-15-ը Հայաստանում հայտարարված էր«Կրթության որակի շաբաթ», որի շրջանակներում հոկտեմբերի 8-ին և 9-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը: Վերջինիս մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` ի դեմս ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի։

Համաժողովին մասնակցում էին ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Մերի Դալլաքյանը և Գայանե Մերդինյանը` որպես որակի պատասխանատուներ, իսկ ՀՊՏՀ կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանն այս համաժողովում հանդես էր գալիս որպես Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին որակի ապահովման բաժնից տեղեկացրեցին, որ բուհի մասնակցությունը երկօրյա համաժողովին մեր մասնակիցների համար ուսուցողական բնույթ էր կրում և փորձի փոխանակման ու պարզաբանումների հնարավորություն էր պարունակում: Արտասահմանցի մասնագետները և հայաստանցի որոշակի փորձ ունեցող գործընկերները հիմնականում ներկայացրեցին հետևյալ հիմնախնդիրները՝ որակի ներքին ապահովման համակարգերի ձևավորումը և ինտեգրումը, գործատու-ուսումնական հաստատություն համագործակցությունը որակի ապահովման շրջանակներում, ուսանողների դերը որակի ապահովման գործընթացներում, որակի ներքին ապահովման մեխանիզմները, հավատարմագրման գործընթացի ՈԱԱԿ-ի մոտեցումները:

«Սա մեզ համար նաև վերապատրաստում էր, որը կնպաստի բուհի ինքնավերլուծության արդյունավետ իրականացմանը, այսինքն` մեր ստացած գիտելիքները և փորձը կկիրառենք մեր բուհում որակի ապահովման գործընթացի բարելավման համար»,- հավաստիացրեցին ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին