Այսօր հայ մամուլի ծննդյան օրն է. նաև՝ մեր մասնագիտական տոնը
Այսօր նշվում է հայ մամուլի օրը: 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, հայրենիքից հեռու, Հնդկաստանի հայաշատ Մադրաս քաղաքում Հարություն Շմավոնյանի մեծ ջանքների գնով ծնվեց հայ մամուլի առաջնեկը` «Ազդարարը»: Այս իրադարձությամբ մի նոր ու նշանակալի էջ բացվեց` վկայելով մշակութային ու լուսավորչական մեծ նվաճման մասին: Իր նախադեպը չունենալով`«Ազդարարը» լուսավորող փարոս դարձավ թե’ պատմական հայրենիքում, թե’ նրանից դուրս տպագրվելիք մամուլի զարգացման գործում:
Փոխվեցին ժամանակներն ու ժամանակների հրամայականներով ծնվեցին նոր ազդարարներ, որոնց նպատակը դարձավ «Ազդարարի» գործի ոգեկոչումը, նրա բազում, այսօր էլ դեռ արդիական, ազգասիրական, հայրենասիրական երազանքների իրականացումը: Սակայն հայ մամուլի պատմության մեջ «Ազդարարի» ծննդյան օրը ընդմիշտ դրոշմվեց` նորովի իմաստավորվելով ու արժեվորվելով. 2004 թվականից հոկտեմբերի 16-ը ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է որպես հայ մամուլի օր:
Հայ մամուլը` իր փոքր ու մեծ պարբերականներով, իր չափով ու իր տեղում արժեքավոր ու եզակի աղբյուր է, որի մեջ արտացոլվում են ժամանակաշրջանի պատմությունը, գաղափարները, հոգսերն ու հիմնախնդիրները, երկրի ու ժողովրդի ներքին կյանքը:
Հայ մամուլի մեծ ընտանիքի մի փոքրիկ մասնիկն է նաև ՀՊՏՀ լրատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից լույս ընծայվող բուհի պաշտոնական ամսագիրը՝ «Տնտեսագետը»: Մենք ևս փորձում ենք քայլել ժամանակին համընթաց` մեր հրապարակումներում արտացոլելով բուհական կյանքին առնչվող բոլոր իրադարձությունները, դառնալով ՀՊՏՀ գաղափարախոսության ու մշակույթի տարածողը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է հայ մամուլի մեծ ընտանիքի բոլոր անդամներին, զանգվածային լրատվամիջոցների մեր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում ստեղծագործական կամք ու անկոտրում ոգի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին