ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այցելեց ՀՊՏՀ գրադարան և շնորհավորեց աշխատակիցներին Գրադարանավարի օրվա առիթով (լուսանկարներ)
ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցների համար այսօր հաճելի անակնկալի օր էր։ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի ուղեկցությամբ այսօր այցելեց նրանց և շնորհավորեց Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Գրադարանավարի օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է հոկտեմբերի 7–ին, այն այս տարի կիրակի է, և ռեկտորը գրադարանի աշխատակիցներին շնորհավորեց այսօր։
Ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը եղան գրադարանի բոլոր ստորաբաժանումներում՝ համալրման և մշակման, սպասարկման բաժիններում, համակարգչային սրահում, գրապահոցում, գիտական և ուսանողական ընթերցասրահներում։ Ռեկտորը և պրոռեկտորը շնորհավորեցին գրադարանի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Այնուհետև ռեկտոր Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց գրադարանի խնդիրներով, զրուցեց ընթերցասրահներում գտնվող ուսանողների հետ։ Գրադարանի աշխատակիցներն հաճելիորեն զարմացան բուհի ղեկավարի անակնկալ քայլից և շնորհակալություն հայտնեցին այցի, ինչպես նաև շնորհավորանքի համար։
ՀՊՏՀ գրադարանի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Գրադարանավարի օրը լավ առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու գրքի արժեքին և գրադարանավարի գործի կարևորությանը։ Ուզում եմ նշել, որ չնայած մեր օրերում համացանցի և տեխնիկայի զարգացմանը՝ գիրքն ուրույն տեղ ունի մեր կյանքում։ Գրքի արժեքը չի կարող և չպետք է խամրի բոլորիս՝ այդ թվում Ձեր՝ գրադարանի աշխատակիցների՝ այդ գործի նվիրյալների համառ ջանքերի շնորհիվ։ Մրցակցության ներկայիս պայմաններում Ձեր ջանքերի շնորհիվ նաև պետք է բարձրացվի գրքի դերն ու նշանակությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում աշխատանքային հետագա հաջողություններ։
Հարգանքով՝ ՀՊՏՀ ռեկտոր
Կորյուն Աթոյան