Կայացավ «ՀՊՏՀ գավաթ 2012» մրցույթ–փառատոնը

Դիտումների քանակ՝ 913

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ Համահայկական երիտասարդական կենտրոնում երեկ անցկացրել է «ՀՊՏՀ գավաթ 2012» խորագիրը կրող ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 13 հավաքականներ: ՀՊՏՀ-ն ներկայացրել է «IndexPro» թիմը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ մագիստրատուրայի առաջին կուրսի մագիստրանտ, «IndexPro» թիմի ավագ Հարություն Արզումանյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ խաղը վարել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ, փորձառու գիտակ Տիգրան Քոչարյանը: 

Թեժ ու լարված մրցապայքարն անցկացվել է երեք փուլով. առաջին երկուսը ռուսերենով, երրորդը` հայերենով: Գիտակների թիմերը փորձել են կարճ ժամանակահատվածում արագ կողմնորոշվել և առավելագույն ճշգրտությամբ պատասխանել հարցերին: Արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարվել են հաղթող թիմերի անունները. առաջին հորզոնականը զբաղեցրել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Բժշկականի հավաքական» թիմը, երկրորդը` ՀՊՏՀ «IndexPro», երրորդը` Հայ-ռուսական (սլավոնական) «Black star» թիմերը:
Հարություն Արզումանյանի խոսքով` միջոցառման ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել մրցավար Տիգրան Քոչարյանին` անաչառ դատավարության համար և նրան հանձնել շնորհակալագիր և հուշանվեր: ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահը հաղթող թիմերին պարգևատրել է գիտակների խորհրդանիշ «Բու»-ով և գրքերով: Մասնակից թիմերին գեղեցիկ և դիտարժան խաղի համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը և նրանց է հանձնել մասնակցության վկայականներ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին մեր բուհի «Index Pro» գիտակների թիմը հաղթող էր ճանաչվել Գյումրիում կայացած «Գյումրու գավաթ» խորագիրը կրող համահայկական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում, որին մասնակցել էին 25 թիմեր ՀՀ և ԼՂՀ քաղաքներից:

Շնորհավորում ենք մեր գիտակ տղաներին և մաղթում նորանոր հաղթանակներ:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին