Նոր համագործակցության սկիզբ. ՀՊՏՀ-ում էր գերմանական հիմնադրամի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 1901

«Հայնրիխ Բյոլ» (HBS) հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանն այսօր մեր համալսարանում էր. նպատակը  բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության 3-4-րդ կուրսերի ուսանողներին 2017թ. «Կանաչ ակադեմիայի» ընդունելության մասին իրազեկելն էր: Հիմնադրամի ներկայացուցիչը նախ հյուրընկալվեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանի աշխատասենյակում, նրա հետ քննարկեց համագործակցություն սկսելու ուղիները, որից հետո տեղի ունեցավ հանդիպում ուսանողների և ամբիոնի դասախոսների հետ:

Օլյա Ազատյանը ներկայացրեց «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի առաքելությունը, նշեց, որ Հարավային Կովկասում հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, իսկ Երևանում վերջերս բացվել է հայաստանյան ծրագրերի գրասենյակը: Հիմնադրամի գործունեությունն առնչվում է բնապահպանական մի շարք հարցերի և այս համատեքստում մշակվել է հիմնախնդիրների լուծմանը միտված «Կանաչների հայեցակարգը»: Խոսելով «Կանաչ ակադեմիայի» դասընթացների շուրջ՝ նա տեղեկացրեց, որ դրանք անցկացվելու են նոյեմբերի 25-29-ը Աղվերանում, և հիմնականում քննարկվելու են  Հայաստանում էներգետիկ, բնօգտագործման այլընտրանքների որոնմանն ուղղված հարցեր:

«Այս փուլում կատարվում է տնտեսագիտություն և քաղաքագիտություն  մասնագիտություններն ուսումնասիրող ուսանողների ընտրություն, որի արդյունքում Կանաչ ակադեմիայի դասընթացներին կմասնակցեն մրցույթը հաղթահարած 35 անձինք: Ընտրություն կատարելիս առաջնահերթ հաշվի կառնվի ուսանողի մոտիվացիան: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը»,-ասաց Օլգա Ազատյանը և պարզաբանեց դիմելու ընթացակարգը:

Սուրեն Գևորգյանն ամփոփեց հանդիպումը՝ ընդգծելով որ սա լայնամասշտաբ համագործակցության առաջին քայլն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին