Առաջին կուրսեցիներին` ի գիտություն

Դիտումների քանակ՝ 878

Շեմելով բարձրագույն ուսումնական հաստատություն` երեկվա աշակերտները` այսօրվա նորաթուխ ուսանողները, դեռևս անտեղյակ են նոր կրթահամակարգում ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, կազմակերպական բազում խնդիրներին: Այս օրերին շատ հարցերի պատասխաններ առաջինցիները կստանան դեկաններից, փոխդեկաններից, դեկանատների աշխատակիցներից, դասախոսներից, կուրսերի ավագներից: 

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես կօժանդակի այս խնդրի լուծմանը` նորակոչիկներին ուղղված հայտարարություններ, ծանուցումներ զետեզելով, որոնք կանխավ կհամաձայնեցվեն դեկանատների և ամբիոնների հետ: 

Մեր ամբողջացրած տեղեկույթի համաձայն` այս պահին ՀՊՏՀ առկա բակալավրիատի բոլոր առաջին կուրսեցիների համար (վճարովի համակարգում սովորող) հրատապ է ուսման վարձավճարների մուծումը, որի ժամկետները բավական սեղմ են:
Սիրելի ուսանողներ, վարձավճարները կարող եք փոխանցել «Արարատբանկ» ԲԲԸ-ի միջոցով, հաշվեհամարն է 1510002779480100: Պետք է նշեք ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը: 

Դեկանատներից տեղեկացնում են, սիրելի ուսանողներ, որ վճարումները պետք է կատարել հնարավորինս շուտ, որպեսզի բուհի հետ ձեր փոխհարաբերությունները վավերացվեն ժամանակին, այսինքն` կնքվեն պայմանագրեր և կատարվի հրամանագրում: Դուք պետք է ուսման վարձավճարի կտրոնով ներկայանաք դեկանատ և դիմեք աշխատակիցներին: Վերջիններս կուղղորդեն ու կաջակցեն պայմանագրերի կնքման հարցում: Փաստաթղթավորման այս փուլն արագ և արդյունավետ կատարելն անչափ կարևոր է, քանի որ դրան պետք է հաջորդի ուսանողական տոմսերի, ստուգման գրքույկների ստացումը: 
Սիրելի ուսանողներ, այս ամենից հետո միայն դուք կարող եք ձեռք բերել ընթերցողի տոմսեր և օգտվել գրադարանից: Գրադարանից օգտվելու կարգի մասին կծանուցենք հաջորդիվ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին