Մեր բուհի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

Դիտումների քանակ՝ 1103

Հարգելի ՀՊՏՀ–ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգևին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ ևս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը և նրա հզորացմանը: 

Մենք հպարտությամբ ենք արձանագրում այս փաստը և ջերմորեն շնորհավորում մեր բուհի խորհրդի նախագահին՝ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ։
Լուսանկարները`  ՀՀ ԱԺ  պաշտոնական  կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին