Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Դիտումների քանակ՝ 5005

Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր համայն աշխարհի մարդկությունը՝ բազմալեզու ազգեր, նշում են իրենց ինքնության արտահայտչի, ազգային հոգևոր հիմնասյան, միտքն ու հոգին սնող հարազատ լեզվի տոնը:

Տոնակատարությունն ու սիրո բարձր խոստովանություններն առիթ են տալիս մեզ վերստին անդրադառնալու մեր լեզվի՝ հայերենի անցած հազարամյակների ճանապարհին, գիտակցելու նրա պահպանման, զարգացման ու գալիքին անաղարտ փոխանցելու անհրաժեշտությունը:

Բացի հարազատը, միակն ու անփոխարինելին լինելուց, հայոց լեզուն նաև գեղեցիկ է, հարուստ, բազմաշերտ, ճկուն և բազմիցս հիացմունքի առարկա է դարձել նաև օտարների համար: Իսկ մեզ համար այն նախևառաջ, ինչպես մեծ Սահյանն է ասում՝

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սերը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:

Եվ ուրեմն, սիրենք, փայփայենք ու հոգածությամբ վերաբերվենք հայոց լեզվին, այսինքն՝ ինքներս մեզ:

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ը որպես տոն ամրագրվել է քաղաքական այն պայքարի արդյունքում, որը մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952 թվականին Դաքայում (Բանլադեշի մայրաքաղաք) ոստիկանների կրակոցներից սպանվել են մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու` ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու կառավարության որոշման դեմ: 1999 թվականին այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզվի իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

2005 թվականին ՀՀ Ազգային ժողովը  նույնպես փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի օր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին