Արտալսարանային դասախոսություն՝ «Աուդիտի ստանդարտների զարգացումները» թեմայով

Դիտումների քանակ՝ 1810

«Education USA»-ի հայաստանյան կրթական խորհրդատվական կենտրոնը, Ամերիկյան խորհուրդների և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ իրականացնում է «We Share» հանդիպումների շարքը, որի շրջանակներում ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտները ՀՀ բուհերում հանդես են գալիս մասնագիտական դասախոսություններով՝ իրենց գիտելիքն ու փորձը  հաղորդելով ուսանողներին: Այսօր մեր համալսարանում էին «Education USA»-ի խորհրդատու Շուշաննա Աբովյանը և «BDO Armenia» ընկերության աուդիտի ղեկավար, ԱՄՆ-ում ուսանած  Գնել Խաչատրյանը, ով դասախոսություն կարդաց «Աուդիտի ստանդարտների զարգացումները» թեմայով:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: Մասնակցում էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, ամբիոնի դասախոսները, ապագա հաշվապահներ և աուդիտորներ (ուսանողներ):

Ողջույնի խոսք ասաց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և ներկայացրեց հյուրերին: Շուշաննա Աբովյանը համառոտ անդրադարձավ «Education USA»-ի գործունեությանը և իրազեկեց, որ իրենց կենտրոնն ուսանողներին խորհրդատվություն է տրամադրում ամերիկյան կրթաթոշակային ծրագրերի մասին:

Գնել Խաչատրյանի բանախոսության առանցքային շեշտադրումները վերաբերում էին աուդիտի համակարգին, նպատակին, հատկանիշներին, աուդիտորական կազմակերպությունների և ցանցերի գործունեությանը և աուդիտի ոլորտի 2017թ. փոփոխություններին: Աուդիտորը պատասխանեց ուսանողների հարցերին և մասնագիտական խորհուրդներ տվեց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին