ՀՊՏՀ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Դիտումների քանակ՝ 1221

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ռեկտոր Սուրեն Օհանյանը այսօր տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր, որով պետական և մասնավոր հատվածի համագործակցության սկիզբ դրվեց: 
«Մեր համալսարանն արդեն բազմաթիվ պայմանագրեր ու հուշագրեր է կնքել բոլոր ուղղություններով՝ և’ կրթական, և’ գիտական, և այժմ մենք պատրաստվում ենք փոխշահավետ համագործակցության հուշագիր կնքել Եվրասիա միջազգային համալսարանի հետ։ Այս դեպքում էլ դրույթներն այնպիսին են, որ ընդգրկում են բոլոր ուղղությունները՝ և կրթական, և գիտահետազոտական, և միջազգային։ Կարծում եմ, որ այս հուշագիրը մեզ հնարավորություն է տալու լավ համագործակցության և լինելու է փոխշահավետ»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը և ներկայացնելով հուշագրով սահմանված փոխհամաձայնության շրջանակները՝ նշեց, որ բուհերը կհամագործակցեն կառավարման և ուսուցման որակի համակարգի ներդրման, զարգացման և բարելավման ոլորտում: Բացի այդ՝ համատեղ կմշակվեն և կներդրվեն գործընթացների և կառավարման ավտոմատացված համակարգեր, կբացվեն նոր մասնագիտություններ, կիրականացվեն կրկնակի դիպլոմի ծրագրեր, գիտական հետազոտություններ, ուսանողների, դասախոսների և աշխատակիցների փոխանակման (այդ թվում նաև՝ միջազգային) ծրագրեր,կկազմակերպվեն համատեղ սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, թեմատիկ դասախոսություններ, դասախոսների մասնագիտական և մեթոդական վերապատրաստումներ: 
«Այնպես որ հուշագիրը բավական լայն համագործակցություն է ենթադրում և հուսով եմ, որ այն մենք կարող ենք իրագործել»,– ընդգծեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։

«Եվրասիա միջազգային համալսարանը իրականացրել է բազմաթիվ կրթական և միջազգային ծրագրեր: Այսօրվա հուշագիրը մեզ համար շատ կարևոր է, քանի որ համագործակցելու են հանրապետությում մեծ հեղինակություն վայելող, հարուստ ավանդույթներ ունեցող կրթօջախն ու նորարարական, ժամանակակից ծրագրեր իրականացնող երիտասարդ բուհը»,-իր խոսքում նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը՝ վստահեցնելով, որ սա կլինի արդյունավետ համագործակցություն։ 
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ողջունելով համագործակցող կողմերին,կարևորեց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն պետական և մասնավոր բուհերի համագործակցություն լավ օրինակ է։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին