Դասերի ժամանակացույցն ու ընթացքը՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1423

«Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը նոր` 2012-2013 ուսումնական տարին սկսում է առաջին կուրսերի լիարժեք համալրումով, բարենորոգված լսարանային և շենքային   պայմաններով, ինչպես նաև բարձր տրամադրությամբ: Սեպտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9.30-ին առաջին կուրսեցիներն իրենց ծնողների հետ կհրավիրվեն մասնաշենքի 2-րդ հարկի թիվ 210 մեծ լսարան, ապա ողջույնից, շնորհավորանքներից և բուհին ընդհանուր ծանոթությունից հետո կանցնեն լսարաններ` լսելու առաջին ներածական դասախոսությունները»,- այսօր, նոր ուսումնական տարվա նախաշեմին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը: 

Իր խոսքում դեկանը նախ ներկայացրեց այն ժամանակացույցը, համաձայն որի կմեկնարկեն ու կընթանան դասերը. առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի ուսանողների դասերը կմեկնարկեն առաջին հերթում, առավոտյան ժամը 9.30-ին, 4-րդ կուրսերինը` երկրորդ հերթում, ժամը 14.05-ին, առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասապրոցեսը կկազմակերպվի չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին, ժամը 14.05-ից, 6 դասաժամով, 2-րդ կուրսերինը` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի ժամը 14.05-ից, 6 դասաժամով:
Ինչ վերաբերում է շինվերանորոգման ու բարեկարգման աշխատանքներին, Զաքար Կիրակոսյանը նշեց, որ հիմնահատակ նորոգվել է մասնաշենքի 3-րդ հարկը (բոլոր 9 լսարանները): Դրանց մի մասում անցկացվելու են մեր համալսարանի արտասահմանցի ուսանողների նախապատրաստական խմբերի դասերը: Հիմնովին վերանորոգվել է նաև մասնաշենքի մարզադահլիճը, մասնակի նորոգվել են 1-ին և 2-րդ հարկի լսարանները: Դեկանը հատկանշեց, որ չի անտեսվել նաև բակի, մասնաշենքին հարակից տարածքի բարեկարգումը, որն իրականացվել է Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանի կանաչապատման վարչության հետ համատեղ:
Նա հավելեց, որ ուսումնական տարվա առաջին օրը պատրաստ և փակցված կլինեն դասացուցակները, ինչպես նաև լուծարքային ցուցակները:

Հ. Գ.
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը գտնվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Զեյթուն թաղամասի Պարույր Սևակի 77 հասցեում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին