«Պարզապես պետք է աշխատել». հարցազրույց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ
«Կրթություն» շաբաթաթերթի այսօրվա համարի (29.08.2012թ) «Նկարագիր» խորագրի ներքո «Պարզապես պետք է աշխատել» վերնագրով տպագրվել է ընդարձակ հարցազրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված գիտնական մանկավարժ Կորյուն Աթոյանի հետ: Հարցազրույցի առաջաբանում հեղինակը` Գագիկ Լուսաբերը, նշում է, որ փորձել է ներկայացնել ոչ միայն և ոչ այնքան բուհի նորագույն հաջողությունները և բուհի ղեկավարին` որպես գիտնականի, մանկավարժի, այլ մի պարզ հայ մարդու և անհատականության:
Հարցազրույցում ՀՊՏՀ ռեկտորն անդրադառնում է անցյալի հուշերին, իր սիրելի ծննդավայրին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքին, մանկության ու պատանեկության օրերին, դպրոցական տարիների նախասիրություններին: ՀՊՏՀ ղեկավարը, առանձնակի սիրով ու հպարտությամբ է պատմում իր հայրական ընտանիքի մասին, որտեղ կարևորվել է սերն ու հարգանքը միմյանց հանդեպ, արժևորվել կրթությունն ու գիտելիքը: Հենց այստեղ` բնության հրաշագեղ գրկում, ընտանեկան ջերմ ու մտերմիկ մթնոլորտում էլ ձևավորվել է ապագա մարդն ու անհատականությունը, գիտնականն ու մանկավարժը: Կորյուն Աթոյանն անսահման ջերմությամբ է հիշում նաև իր կյանքում անչափ թանկ ու սիրելի ուսանողական տարիները, սիրելի ուսուցիչներին և դասախոսներին, ուսանողական ընկերներին: