ՀՊՏՀ Գյուրմու մասնաճյուղում բարեփոխումներ են իրականացվում
29.08.2012
Դիտումների քանակ՝ 824
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ղեկավարությունը, առաջնորդվելով ՀՊՏՀ որդեգրած «Մենք փոխվում ենք» կարգախոսով, իրականացնում է բարեփոխումներ, փորձում կրթությունը համապատասխանացնել ժամանակի պահանջներին: 2012-2013 ուսումնական տարվա սկզբից մասնաճյուղի ուսանողները ուսումնագիտական ընթացիկ նորությունների, տնտեսագիտական արդի հիմնախնդիրներին առնչվող դիտարկումների, կրթական համակարգում տեղ գտած փոփոխությունների, մարզական, մշակութային և այլ միջոցառումների մասին համառոտ լրատվություն կարող են ստանալ մասնաճյուղում տեղադրված երկու հեռուստաէկրաններից: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը:
Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը նաև տեղեկացրեց, որ սկսվել են Գյումրու մասնաճյուղի մուտքի և ելքի անցաթղթերի ստուգման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: «Մասնաճյուղում անցաթղթերի ստուգման էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն կբարձրացնի աշխատանքային կարգապահությունն ու պատասխանատվությունն գործի հանդեպ, այլև կարգելի ոչ ցանկալի այցելուների մուտքը բուհ, կապահովի անվտանգությունը», - կարևորելով այս համակարգի ներդրումը` մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին