Ռուսաց լեզվի ուսումնական ձեռնարկ` ֆինանսական մասնագիտությունների համար

Դիտումների քանակ՝ 2757

Լեզուների դասավանդման գործում մասնագիտական ուսումնական ձեռնարկների պատրաստումը ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ուշադրության կենտրոնում է, և պարբերաբար ուսանողի սեղանին է դրվում մի նոր հրատարակության տեսքով:

Դեռևս անցյալ ուսումնական տարեսկզբին՝ 2016 թ., ՀՊՏՀ լեզուների ամբիոնի  դոցենտ Լիդա Տոնոյանի, դասախոսներ Մարինե Գրիգորյանի և Շողակաթ Հարությունյանի համահեղինակությամբ լույս էր տեսել «Ռուսաց լեզվի ուսումնական ձեռնարկ» (ֆինանսական ֆակուլտետի ուսանողների համար), որը տպագրության էր երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը:

Այս ուսումնական ձեռնարկի նպատակն է աջակցել տնտեսագիտական  գրականության ընթերցման կարողությունների և հմտությունների ձևավորմանը, կարդացածի բովանդակությունը ըմբռնելուն, գրավոր կամ բանավոր վերարտադրելուն, ռուսերենին՝ որպես մասնագիտական լեզվի տիրապետելուն: Այն նախատեսված է ֆինանսական ֆակուլտետի մի քանի մասնագիտությունների համար՝ ֆինանսներ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, ապահովագրական գործ, բանկային գործ, մաքսային գործ: Ընդգրկված է 25 ուսումնական թեմա, որոնք բառագիտական-քերականական նյութի ընթերցման և յուրացման համար տնտեսագիտական տեքստեր են` համապատասխան վարժություններով և թարգմանական հանձնարարություններով: Դրանք արդիական ու հետաքրքրական նյութեր են և համապատասխանում են ռուսերենի դասավանդման ժամանակակից պահանջներին:

Ուշագրավ է, որ մեր գործընկերների հեղինակած գրքին այս տարվա իր 2 թողարկումներում՝  2-րդ և 3-րդ համարներում, անդրադարձել է Կրթության ազգային ինստիտուտի «Ռուսաց լեզուն Հայաստանում»  ռուսալեզու ամսագիրը: «Քննադատություն և մատենագիտություն» խորագրի ներքո նշված դասագրքի մասին գրախոսել և դրական են արտահայտվել Ս. Սամուելյանն ու Ի. Լեբեդևան:

Մեզ հետ զրույցում դոցենտ Լիդա Տոնոյանը նշեց, որ ռուսաց լեզվի ուսումնական ձեռնարկների լույսընծայումը շարունակական է, և այս պահին էլ հրատարկության է պատրաստվում հերթականը՝ նախատեսված հեռակա ուսուցման ուսանողների համար, որն իր հետ միասին հեղինակել են լեզուների ամբիոնի դասախոսներ Գայանե Վարդապետյանը, Ռուզաննա Հարությունյանը, Արմինե Գասպարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին