Հայաստանում ներդրումային քաղաքականության հիմնախնդիրները. գիտական սեմինար ՀՊՏՀ-ում
Ամբիոնային գիտահետազոտական թեմաների շրջանակներում ՀՊՏՀ ամբիոնների մասնակցությամբ իրականացվող գիտական սեմինարների շարքը այսօր շարունակեց միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը. մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ամբիոնի աշխատակազմը՝ վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ: Այսօրվա սեմինարը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման և արդյունաբերական քաղաքականության իրականացման հիմնախնդիրների շուրջ էր:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը բացման խոսքում նշեց, որ ամբիոնային սեմինարների շարքը՝ հատկապես միջամբիոնային ձևաչափով, լավ հարթակ է գիտնականների և հետազոտողների համար, քանի որ թույլ է տալիս ոչ միայն տեղեկացված լինել, այլև մասնակիցը դառնալ մասնագիտական քննարկումների, որոնք կարևոր են: Բացի այդ, պրոռեկտորը կարևորեց, որ ամբիոնային հետազոտական թեմաների արդյունքներն ինտեգրվեն ուսումնական գործընթացին:
Սեմինարի նախաձեռնությունը կարևոր համարեց նաև Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ անկախ այսօրինակ հանդիպումներից՝ իրենց ամբիոնը աշխատում է և իր տեսադաշտում է պահում մասնագիտական խնդիրները:
Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ տ.գ.դ., դոցենտ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներդրումային միջավայրի քաղաքականությանը, խնդիրներին, նպատակներին, օրենսդրական դաշտին: Ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը ներդրումային քաղաքականության արդյունքներին անդրադարձավ՝ նշելով, որ դրա արդյունքը պետք է յուրաքանչյուրի համար չափելի և շոշափելի լինի իր կյանքի որակի բարձրացման համատեքստում: Պրոֆեսորը ուշադրություն հրավիրեց մի շարք տվյալների վրա և ընդգծեց, որ իրենց ամբիոնում մրցունակ կադրեր կան, որոնք կարող են մասնագիտական խորը և անաչառ մոտեցումներ ներկայացնել սույն հիմնախնդիրների շուրջ: Տ.գ.թ., դոցենտ Ազատ Քալանթարյանն անդրադարձավ օտարերկրյա ներդրումների կառուցվածքին, աղբյուրներին, ապա նաև հարցադրմանը, թե ինչու չնայած ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի և շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան հայեցակարգի առկայությանը՝ օտարերկրյա ներդրումների ոլորտում պատկերը ոգևորիչ չէ:
Պատճառն, ըստ մասնագետի, օրենքի ոչ լիարժեք կիրարկումն է: Տ.գ.թ., ասիստենտ Էմմա Մովսիսյանն անդրադարձավ մեր երկրում առևտրային քաղաքականության և արտաքին առևտրի ոլորտի, առևտրային և ներդրումային քաղաքականության փոխկապվածության խնդիրներին: Թեմայի շուրջ խոսեց նաև տ.գ.թ. Հրանուշ Գաբրիելյանը՝ ընդգծելով ներքին ներդրումների խթանման կարևորությունը:
Քննարկումից հետո սեմինարն ավարտվեց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին