Աշխատանքային տարին սկսվեց. ՀՊՏՀ աշխատակիցների հիմնական մասն այսօր վերադարձել է արձակուրդից

Դիտումների քանակ՝ 742

Սիրելի‘ ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուներ, այսօր` օգոստոսի 14-ին, ՀՊՏՀ-ի աշխատակիցների հիմնական մասը վերադարձել է արձակուրդից: Այսօրվանից աշխատանքները նոր փուլ կթևակոխեն, և ՀՊՏՀ ողջ աշխատակազմն ամեն ինչ կանի, որպեսզի նոր` 2012-2013 ուսումնական տարին, դիմավորենք պատշաճորեն, կազմ ու պատրաստ: 
Արձակուրդում էր նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնու

թյան հետ կապերի բաժինը: Մենք ևս այսօրվանից կշարունակենք մեր աշխատանքները և, ինչպես միշտ, կփորձենք ձեզ ներկայացնել բուհական կյանքում կատարվող իրադարաձությունները, ծանոթացնել ուսումնական գործընթացում տեղ գտած փոփոխություններին ու նորամուծություններին, ինչպես նաև սիրով կպատասխանենք ձեզ հուզող հարցերին: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը թեև կարճատև դադարով հրաժեշտ էր տվել ձեզ, այդուհանդերձ ամառային արձակուրդի օրերին ևս հետևել է բուհում կատարվող իրադարձություններին և ներկայացրել հրատապ տեղեկատվություն: Ամփոփ ներկայացնելով ամառային արձակուրդի օրերին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները` տեղեկացնենք, որ բուհում այս օրերին կյանքը կանգ չի առել: Ողջ թափով աշխատել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը: Հուլիսի 15-ին փակցվել են ՀՊՏՀ ընդունված դիմորդների ցուցակները և հայտնի դարձել ՀՊՏՀ ընդունվածների անունները:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը «Տեսակետ» մամուլի ակումբի հրավերով հանդես է եկել մամուլի ասուլիսով, որը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվության միջոցների կողմից: ՀՊՏՀ ռեկտորը, խոսելով 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության քննությունների մասին, տեղեկացրել է, որ 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ է դիմել 2477 դիմորդ, որից ուսանող է դարձել 1263-ը: Ռեկտորն ընդգծել է, որ մեր բուհում այս տարի թափուր տեղեր չեն մնացել։
ՀՊՏՀ-ն Եվրոպական Հանձնաժողովին ներկայացրել էր կրթական բարեփոխումների հավակնոտ ծրագրեր, որոնցից երեքն արժանացել են հավանության: Արդյունքում` ՀՊՏՀ-ն Տեմպուսի 3 ծրագիր է շահել:
Արձակուրդի օրերին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուսանողներին մատուցել է հերթական հաճելի անկնկալը: Բուհի ղեկավարը համալսարանի ուսանողական խորհրդին է հատկացրել Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարի 50 անվճար ուղեգիր: 
Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ –ի ղեկավարությունը կարևորում է ՀՊՏՀ գիտնական մանկավարժների մասնակցությունը երկրի տնտեսական կյանքի զարգացման գործին: Արձակուրդի օրերին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել է ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ հարցազրույց` «Տնտեսության հիվանդությունները թաքնված են մեր ներսում, իսկ այն, ինչ կատարվում է եվրոգոտում, պետք չէ գերագնահատել» վերնագրով: Գիտնականն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակին, մատնանշել տնտեսության վրա ազդող արտաքին և ներքին գործոնները և առաջարկել դրույթներ, որոնք կարող են ազդակ լինել երկրում տնտեսական կայունություն ապահովելու ու պահպանելու համար: 
Մեկնարկել է նաև հեռակա ընդունելությունը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012/2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 9–ից հայտարարել է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում (asue.am) ավելի վաղ թողարկված հրապարակումից։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ աշխատակիցները արձակուրդում էին հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ: Պրոֆեսորադասախոսական կազմի անդամները դեռ շարունակում են հանգստանալ. նրանք արձակուրդում են օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ և աշխատանքի կվերադառնան օգոստոսի 29-ին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բոլորին շնորհավորում է աշխատանքային տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին