ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1086

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը «Տեսակետ» մամուլի ակումբի հրավերով այսօր տվյալ ակումբում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որը լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցների կողմից: 
ՀՊՏՀ ռեկտորը խոսել է 2012-2013 ուստարվա ընդունելության քննությունների մասին: Ստորև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից ներկայացնում ենք հիշյալ գործընթացի մասին տեղեկատվություն, որը բուհի ռեկտորը ներկայացրել է նաև զանգվածային լրատվամիջոցներին:

2012-2013 թթ ուսումնական տարվա համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) ընդունվելու համար դիմել է 2477 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1263 դիմորդ: Նրանցից անվճար է ընդունվել 97-ը, վճարովի՝ 1166-ը, որոնց թվում 300-ը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված լրացուցիչ տեղերն են: 97 անվճար ընդունվածներից 78-ը բուհին հատկացված անվճարի տեղերն են, 10-ը արտոնություններով ընդունված անվճարներն են (զոհված ազատամարտիկների երեխաներ, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներ, մանկուց հաշմանդամներ, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ), իսկ 9-ը անվճարները ՀՀ Պաշտպանության նախարարության համար պատրաստվող նպատակային կադրերի տեղերն են:

Մեր բուհ ընդունվելու համար դիմած դիմորդների թվում են եղել 8 մեդալակիրներ, հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի 3 դիպլոմավորներ:

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ՀՊՏՀ ընդունվելու համար բավական բարձր մրցույթ է եղել. հատկապես մրցույթը բարձր է եղել բուհի՝ ավանդաբար ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ: Տնտեսաագիտական համալսարանի՝ ավանդաբար բարձր վարկանիշ ունեցող ֆինանսներ և վարկ մասնագիտության համար այս տարի անվճարի վերին շեմը 59,5 միավորն է եղել: Բուհի մյուս պահանջված՝ կառավարում, հաշվապահական հաշվառում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների նկատմամբ ևս այս տարի մեծ հետաքրքրություն է եղել և այս տարի թվարկված մասնագիտությունների գծով անվճարի վերին շեմը եղել է 59 միավորը:

Հ.Գ.Ասուլիսի լուսաբանումներին կարող եք ծանոթանալ  ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» բաժնի «ԶԼՄ-ները ՀՊՏՀ-ի մասին»  ենթաբաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին