Հայտնի դարձան ՀՊՏՀ ընդունվածների անունները. ընդունվել են բարձր գիտելիքներ ցուցաբերած դիմորդները

Դիտումների քանակ՝ 1240

Այսօր` հուլիսի 15-ին, փակցվեցին ՀՊՏՀ ընդունված դիմորդների ցուցակները և հայտնի դարձան ՀՊՏՀ ընդունված դիմորդների անունները: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ ՀՊՏՀ 28 մասնագիտություններով և մասնագիտացումներով բուհ են ընդունվել 1254 դիմորդ: Բուհի վարկանիշային մասնագիտությունների (կառավարում, ֆինանսներ, կոմերցիա, հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի, մարքեթինգ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, միջազգային հարաբերություններ, կառավարման տեղեկատվական համակարգեր) անցումային առավելագույն շեմը տատանվել է 59.50-ից 57.75-ի սահմաններում, նվազագույնը`51-49 միավորների սահմաններում: ՀՊՏՀ ընդունվելու համար անցումնային նվազագույն շեմը 36.25 միավորն է, որով ընդունվել են ՀՊՏՀ մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտությամբ դիմած դիմորդները: ՀՊՏՀ պատասխանատու քարտուղարի խոսքով` անցումային միավորները վկայում են, որ ՀՊՏՀ դիմորդները այս տարի անցել են մրցութային թեժ պայքարի միջով, և բուհ են ընդունվել միայն բարձր գիտելիքներ ցուցաբերած դիմորդները:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը իր աշխատանքներն սկսել է մայիսի 5-ից: ՀՊՏՀ առկա բակալավրիատի համար դիմած դիմորդների ընդհանուր թիվը եղել է 2555: Ընդունող հանձնաժողովը շարունակում է 2012-2013 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների և գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությունը: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ՀՊՏՀ ընդունված բոլոր դիմորդներին և մաղթում բարի ուսումնառություն: Հավատում ենք, որ ՀՊՏՀ նորընծա ուսանողները լավ կսովորեն և բարձր կպահեն բուհի պատիվը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին