Կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 892

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր կայացավ համալսարանի խորհրդի նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Նիստին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, խորհրդի անդամները։

 Խորհրդի այսօրվա աշխատանքային նիստի օրակարգում չորս հարց էր՝ ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրություն, ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելու մասին, ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում մասնակի փոփոխություններ կատարելու մասին հարցերը և այլ հարցեր:

Օրակարգի առաջին կետի համաձայն` ՀՊՏՀ խորհրդի անդամները ընտրեցին հաշվիչ հանձնաժողով և փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրեցին առաջադրված թեկնածուներին: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն ընտրվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը, Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը:


ՀՊՏՀ խորհրդի անդամները լսեցին և քննարկեցին ռեկտոր Կորյուն Աթոյանի զեկուցումը օրակարգային երկու խնդիրների շուրջ, որով նա  հանգամանորեն ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները, բուհի կյանքում դրանց անհրաժեշտությունն ու նպատակային լինելը: Մասնավորապես ՀՊՏՀ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը պայմանավորված է «Կրթության մասին» և  «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու պահանջով: Խորհրդի անդամները կողմ քվեարկեցին  ռեկտորի ներկայացրած փոփոխությունների նախագծին: Այլ հարցերի շարքում Կորյուն Աթոյանը հատկանշեց այն, որ այս տարի առաջին անգամ ՀՊՏՀ-ն կազմակերպելու է արտասահմանցի ուսանողների ընդունելություն և ներկայացրեց սրանից բխող որոշ խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Խորհուրդը դրանք ևս արժանացրեց հավանության:

 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին