ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտներին
Այսօր, ժամը 18.00-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում կայացավ մասնաճյուղի շրջանավարտներին պետական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն: Հաջողությամբ ամփոփիչ ատեստավորում անցած և մասնաճյուղն ավարտած 26 շրջանավարտներ ստացան բակլավրի որակավորումը հավաստող ավարտական վկայագրեր` դիպլոմներ:
Այս առնչությամբ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտներին ուղերձ է հղել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը` ուղղված ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտներին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի սիրելի շրջանավարտներ,
Այսօր խորհրդանշական օր է, քանի որ մենք ճանապարհում ենք մեր բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի առաջին շրջանավարտներին: Մենք ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում մասնաճյուղի շրջանավարտների առաջին սերունդը թողարկելու իրողությունը և վստահ ենք, որ դուք ձեր կյանքի նոր փուլը թևակոխում եք գիտելիքներով զինված:
Անցած տարիները կարևոր են եղել ձեզ համար, քանի որ դրանք եղել են գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտանալու տարիներ։ Անցած տարիները չափազանց պատասխանատու են եղել նաև մեզ համար, քանի որ դուք մեր բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի առաջին շրջանավարտներն եք: Բուհի մասնաճյուղի զարգացումը, այստեղ ևս կրթության որակի բարձրացումը մեր ռազմավարական նպատակներից են, որոնք իրագործելու համար բավական ջանքեր են ներդրվել և դեռ կներդրվեն: Հուսով եմ, որ ուսումնառության տարիները արդարացրել են ձեր սպասումները և տվել այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մասնագետ դառնալու համար:
Սիրելի շրջանավարտներ, այս նշանակալի օրվա առիթով շնորհավորում եմ ձեզ, ցանկանում ամենայն բարիք, մասնագիտական և անձնական հաջողություններ: Ցանկանում եմ, որ մեր բուհում ստացած կրթությամբ դուք ձեր արժանի տեղը գտնեք աշխատաշուկայում և դառնաք պահանջված մասնագետներ: Հատկապես կարևորում եմ, որ դուք աշխատեք ձեր մարզում և ձեր ստացած գիտելիքներով նպաստեք մարզային ենթակառուցվածքների զարգացմանը: Չմոռանաք նաև պահպանել բուհի հետ հետադարձ կապի բարի ավանդույթը։
Բարի երթ և կանաչ ճանապարհ ձեզ, սիրելի շրջանավարտներ։
ՀՊՏՀ ռեկտոր`
Կորյուն Աթոյան 12.07.2012թ.
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին