Մեր բուհում այսօր կավարտվի ամփոփիչ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1220

ՀՊՏՀ-ում հունիսի 8-ից սկսված առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ամփոփիչ քննաշրջանն այսօր կավարտվի: Տեղեկացնենք, որ հունիսի 25-ին վերը նշված ուսուցման ձևերից ամփոփիչ քննաշրջանը հասցրել էին ավարտել առկա ուսուցմամբ բակալավրիատի, առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ուսանողները, իսկ հունիսի 26-ին և 27-ին քննությունները շարունակվեցին հեռակա ուսուցմամբ բակալավրիատում: Այսօր`քննաշրջանի վերջին օրը, հեռակա ուսուցմամբ բակալավրիատում անցկացվում է 20 քննություն, որով էլ կավարտվի ամփոփիչ քննաշրջանը:

«Այսօր ամփոփիչ քննաշրջանի վերջին օրն է, և վստահաբար կարող եմ ասել, որ քննաշրջանին նախորդած և ընթացքում կատարված կազմակերպական աշխատանքների շնորհիվ ամփոփիչ քննաշրջանն ընթացավ բնականոն հունով, առանց միջադեպերի: Ժամանակին լուծվեցին ծագած բոլոր հարցերն ու խնդիրները: Քննասենյակներ կատարած մեր շրջայցերի ընթացքում նկատեցինք, որ քննություն հանձնող ուսանողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ. նրանք հանգիստ, առանց լարվածության կարողանում են դրսևորել իրենց գիտելիքները»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և հավելեց, որ ամփոփիչ քննաշրջանի ավարտից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հուլիսի 3-ին կայանալիք ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում: Պրոռեկտորի խոսքով` կընդունվեն համապատասխան որոշումներ` նկատված թերությունները վերացնելու, քննական գործընթացն էլ ավելի արդիականացնելու ուղղությամբ: Միհրդատ Հարությունյանը, տեղեկացնելով, որ հուլիսի 2-11-ը լուծարքային շրջան է, հայտնեց` քանի որ հուլիսի 6-ը ոչ աշխատանքային է, այդ օրվա բոլոր քննությունները կանցկացվեն հուլիսի 11-ին: 

Հիշեցնենք` ամփոփիչ քննաշրջանը անցկացվել է հունիսի 8-27-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում քննություններ են հանձնել ՀՊՏՀ ուսուցման բոլոր ձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Բոլոր քննասենյակներում, համալսարանի համակարգչային 5 սրահներում և համակարգիչներով համալրված ընթերցասրահում քննություններն անցել են հագեցած ժամանակացույցով, կազմակերպված ու անխափան:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին