ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Թավադյանը

Դիտումների քանակ՝ 1232

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի N 217 լսարանում այսօր տեղի ունեցավ կառավարման  ֆակուլտետի խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացվեց ֆակուլտետի նոր դեկանի պաշտոնակատարը։
«Հարգելի գործընկերներ, նախքան նիստի աշխատանքներն սկսելը` ուզում եմ ուրախալի լուր հայտնել: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանով մեր ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության տեսություն ամբիոնի դոցենտ Միքայել Թավադյանը»,- հայտարարեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի փոխդեկան Սամվել Գրիգորյանը` շնորհավորելով Միքայել Թավադյանին և հավաստիացնելով, որ ֆակուլտետի ողջ կազմը պատրաստ է կանգնել նրա կողքին, օգնել ու աջակցել ցանկացած հարցում:
Ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը, ֆակուլտետի խորհրդի անդամներին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ կառավարման ֆակուլտետում կշարունակվեն լավագույն ավանդույթները և ամեն ինչ կարվի, որպեսզի գրանցված հաջողություններին ավելանան նորերը:
Ֆակուլտետի խորհրդի նիստում քննարկվող հարցերը վերաբերում էին 2011-2012 ուսումնական տարվա ամբիոնային, ինչպես նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների հաշվետվություններին, 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի նախնական արդյունքներին: Նիստում հաստատվեցին նաև առկա բակալավրիատի երրորդ կուրսերի ուսումնական պրակտիկայի ծրագրերը, կարևորվեցին ուսումնական պրակտիկայի կազմակերպական հարցերը: 

Կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստում քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:

Հիշեցնենք` Կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին