Մեր բուհի կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը նշանակվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Դիտումների քանակ՝ 1489

Հայաստանի Հանրապետության Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը նշանակվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: 
Սրանով ամրագրվեց Էդգար Ղազարյանի առաջընթացի ու կառուցողական աշխատանքային գործունեության բարձր գնահատականը և պետական վստահությունը: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը սրտանց շնորհավորում է Էդգար Ղազարյանին` վստահ լինելով, որ այդ շնորհավորանքին միանում են բոլորը` բուհի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողները: 
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը 1999 թվականից դասավանդում է ՀՊՏՀ-ում: 2008-2011 թթ. Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենն էր, իսկ մեկ տարի առաջ ընտրվել էր կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում:
Խոստովանենք, որ փոքր-ինչ տխրություն ու ափսոսանք կա այս ամենում. Էդգար Ղազարյան գործընկերոջ, դեկանի, դասախոսի բանիմաց, ստեղծարար ու խանդավառվող տեսակը մինչ օրս ոչ միայն առաջ էր մղում բուհի ուսումնակազմակերպական գործունեությունը, այլև աշխատանքն ու ուսումնառությունը դարձնում հետաքրքրական, ստեղծարար, սիրված: 
«Ուրախ եմ, որ մեր բուհի ներկայացուցիչը գնահատվել է հանրապետության ղեկավարության կողմից և առաջընթաց է արձանագրում երկրի պետական կառավարման համակարգում։ Մեր համագործակցությունը կշարունակվի. մեր բուհն ունի Եղեգնաձորի մասնաճյուղ, որտեղ Էդգար Ղազարյանը կդասավանդի որպես դասախոս։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը մշտապես կշարունակվի», – լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով Էդգար Ղազարյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակմանը, ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։
Կեսօրին արդեն նորանշանակ մարզպետը, գալով համալսարան, ընդունեց իր ղեկավարների, գործընկերների, սաների շնորհավորանքները: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տված հարցազրույցում` ի պատասխան այն հարցին, թե արդյոք նոր պաշտոնավարումը կխոչընդոտի բուհի հետ կապը, Էդգար Ղազարյանը նշեց. «Ես չեմ կարող հեռանալ սիրելի բուհից, և մի քանի առումով: Միշտ էլ, տարբեր աշխատանքների հետ զուգորդել եմ գիտամանկավարժական աշխատանքը: Իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` իմ հարազատ բուհի հետ հատկապես խզումն անհնարին է: Այն ինձ օգնում է թարմացնել գիտելիքներս, շփումներս, և այդ հաճույքից ինձ զրկել չեմ կարող: Իհարկե, վարչական աշխատանքը բուհում կդադարեցնեմ, սակայն կաշխատեմ գտնել հարմար ձևաչափ հարազատ միջավայրում շարունակելու իմ աշխատանքային ու մարդկային շփումները: Եվ նրան, ով կփոխարինի ինձ, պատրաստ եմ աջակցել, սատարել նույն ծավալով և նույն եռանդով» :
Տեղեկացանք նաև, որ այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Էդգար Ղազարյանին կներկայացնի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, համայնքի ղեկավարներին, մարզի պետական կառույցի ղեկավարներին ու ակտիվին:


Համառոտ տեղեկանք:
Էդգար Ղազարյանը ծնվել է 1975 թ. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: 1992 թ. ավարտել է Ջերմուկի N1 միջնակարգ դպրոցը: 1993 թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ, 1998-ին` նույն համալսարանի ասպիրանտուրան, որն ավարտել է 2001-ին` պաշտպանելով ատենախոսություն` «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2005-ին` դոցենտի կոչում: 2006-ին ընդունվել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, որն ավարտել է 2007 թ., Ստրասբուրգում: 2010 թ. ավարտել է Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը: 
1998 թ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում որպես առաջատար մասնագետ, 1999-ին` տեղափոխվել ՀՀ Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն` սկզբում որպես առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ, 2000-2001 թթ. եղել է Եվրամիության «Tacis» կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի կառուցվածքային բարեփոխումների փորձագետը, 2001-2002 թթ.` ՀՀ Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալը, 2002-2003 թթ.` «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի մարքեթինգի գծով տնօրենը, իսկ 2003-2007 թթ.` նույն ընկերության նախագահի խորհրդականը: 
1999-2011 թթ. մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրներին նվիրված բազմաթիվ տեղական և միջազգային համաժողովների ու գիտաժողովների: Տեղական ինքնակառավարման հարցերին նվիրված տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների հեղինակ ու համահեղինակ է: 
1999 թվականից դասավանդում է ՀՊՏՀ-ում: 2008-2011 թթ. ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենն էր, 2011-ից` ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանը:
ՀՀԿ անդամ է, ՀՀԿ Ջերմուկի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին