Կայացավ ՀՊՏՀ գիտխորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)
ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր կայացավ բուհի գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ղեկավարությամբ։
Բուհի գիտական խորհրդի այսօրվա նիստն սկսվեց պարգևատրումների արարողությամբ։ Ինչպես հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, վաստակաշատ աշխատանքի համար պարգևատրման է արժանացել բուհի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը։
ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը Սուրեն Գևորգյանին ԿԳ ոլորտում ներդրած ավանդի և ծննդյան 60–ամյակի կապակցությամբ պարգևատրեց ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով։ Երկրորդ պարգևատրվողը տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լևոն Խչեյանն էր։ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ տնտեսության զարգացման և տնտեսագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լևոն Խչեյանը պարգևատրվում է ՀՊՏՀ ոսկե հուշամեդալով։ Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ առողջական խնդիրների պատճառով Լևոն Խչեյանը ներկա չէ արարողությանը, սակայն հուշամեդալը նրան կփոխանցվի։ Նշենք, որ հունիսի 1–ին Լևոն Խչեյանը բոլորել է 70–ամյակը։
Բուհի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում կատարված ուսումնագիտական և գիտահետազոտական աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը։ ՀՊՏՀ արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանը զեկուցեց Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում ուսանողության և աշխատողների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ մարզառողջարանի գործունեության բնականոն ընթացքի ապահովման նպատակով նախապատրաստական աշխատանքներն սկսվել են մայիս ամսից:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս հարցին մանրամասն կանդրադառնա վաղը՝ ներկայացնելով Գրիգոր Տերտերյանի զեկուցումը, քանի որ այս հարցն այսօր, վստահ ենք, բավական արդիական է և շատերին է հետաքրքրում։
Գիտխորհրդի այսօրվա նիստում տեղի ունեցան նաև ընտրություններ. տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ ընտրվեց ներկայացված միակ թեկնածու՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին