ՀՊՏՀ–ն սկսում է նոր նախագիծ. կթողարկվեն մագիստրոսներ՝ հատուկ գործատուների համար
Այս տարի առաջին անգամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն. այն մեկնարկում է այսօրվանից։ Սա բացառիկ նախագիծ է, քանի որ առաջին անգամ մագիստրոսական կրթական ծրագրերով պատրաստվելու են մասնագետներ կոնկրետ գերատեսչությունների համար և կոնկրետ նրանց պահանջարկով։
Նշենք, որ այս ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ այն բանի արդյունքում, երբ 2011թ–ից սկսած ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ բուհը սկսեց համագործակցության պայմանագրեր կնքել մի շարք կառույցների և գերատեսչությունների հետ։ Այս պայմանագրերի արդյունքում այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվեն մագիստրոսական ծրագրեր՝ հատուկ տվյալ գերատեսչությունների համար մասնագետներ պատրաստելու համար։ Մասնավորապես, այս պահի դրությամբ բուհը մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելուն ուղղված համագործակցության նման պայմանագրեր է կնքել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ։
«Այս պիլոտային ծրագրերի նպատակն է եղել ուսումնասիրել Հայաստանի աշխատաշուկայի պահանջներն ու գործատուների հետ համատեղ նրանց պահանջներին համապատասխան կադրեր պատրաստել։ Այս կրթական ծրագրի առավելություններից է նա, որ մագիստրատուրայում սովորելուց հետո լավագույն շրջանավարտների մեծ մասը տեղավորվում է աշխատանքի՝ համապատասխան կառույցում։ Այսինքն՝ սա ուսանողին աշխատանքով ապահովելուն ուղղված շատ հստակ ռազմավարություն է»,– լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ում նախաձեռնությամբ էլ այս բացառիկ նախագծերն իրականություն են դառնում։ Ռեկտորն ընդգծեց, որ մասնագիտությունների առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները կազմվել են համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ, համատեղ է իրականացվելու նաև դասավանդումը։ «Այստեղ դասախոսությունները կկարդան մեր բուհի լավագույն դասախոսներն ու համապատասխան կառույցի կողմից գիտակ և փորձառու մասնագետները։ Բացի այդ, երկու տարի այստեղ սովորողներին կուսուցանվի օտար լեզու և համակարգչային հմտություններ, իսկ ինչ վերաբերում է արտադրական փորձառությանը (պրակտիկային), ապա ուսանողները դա ամբողջությամբ պետք է անցկացնեն տվյալ հաստատությունում՝ իրենց նեղ մասնագիտացման գծով։ Կորյուն Աթոյանի խոսքով՝ ուսումնառության ընթացքում ուսանողները պետք է ձեռք բերեն այնպիսի հմտություններ, որպեսզի պատրաստ լինեն աշխատելու հենց աշխատանքի ընդունվելու օրվանից։ «Այսինքն՝ ուսանողն այս ծրագրի արդյունքում պետք է դառնա միանգամայն պատրաստի կադր՝ պատրաստվածության այնպիսի աստիճանով, որ աշխատանքի անցնելու համար անգամ փորձաշրջան անցնելու կարիք չունենա»,– եզրափակեց Կորյուն Աթոյանը։
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը նշեց, որ մագիստրոսական այս ծրագրի արդյունքում գործատուները տնտեսագիտական մայր համալսարանի հետ համատեղ ուժերով կպատրաստեն այնպիսի մասնագետներ, որոնք զինված կլինեն մասնագիտական գիտելիքներով, կտիրապետեն օտար լեզուների, համակարգչային ծրագրերի և արդյունքում կունենան երաշխավորված աշխատատեղ: Նա հավելեց, որ մագիստրոսական այս ծրագրերի նախաձեռնումը ժամանակի հրամայականն է, որի շնորհիվ կպատրաստվեն լուրջ, մասնագիտական բազմաշերտ ծրագրերով ուսումնառած որակյալ կադրեր:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որը զբաղվում է 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունելությամբ, կկազմակերպի նաև մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերով դիմորդների ընդունելությունը: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանի տեղեկացմամբ` գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերով ընդունելություն է հայտարարվում հետևյալ մասնագիտացումներով` հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն, պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում, բանկային գործունեության կազմակերպում, կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, անշարժ գույքի գնահատում, պետական գույքի կառավարում, տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն: Ուսման տևողությունը 2 տարի է:
Դիմորդների գործերն ընդունվում են 2012թ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ: Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2012թ. օգոստոսի 15–24–ը ներառյալ։ Դիմորդները պետք է ընդունելության քննություններ հանձնեն համապատասխան մասնագիտական առարկայից, օտար լեզվից և համակարգչային հմտություններից:
Ի դեպ, քննական հարցաշարերին կարող եք ծանոթանալ ստորև։ Իսկ ծրագրի հետ կապված այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 52.17.64, 52.57.58 հեռախոսահամարներով։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բարի երթ է մաղթում բոլոր դիմորդներին:
Հարցաշարեր
3.Պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում
4. Բանկային գործունեության կազմակերպում
5. Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում
8.Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին