Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի պատասխանատուն հանդիպեց մեր բուհի երիտասարդ դասախոսներին

Դիտումների քանակ՝ 1388

ՀՊՏՀ արտաքին կապերի ու կարիերայի և մարքեթինգի բաժինների համատեղ նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում հյուրընկալվեց երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի (JFDP) պատասխանատու, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի  ղեկավար Նանե Աբրահամյանը:

ՀՊՏՀ երիտասարդ դասախոսներին ներկայացնելով երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի (JFDP)ծրագիրը` Նանե Աբրահամյանը նշեց, որ այն հովանավորում է ԱՄՆ կառավարությունը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի և ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և մի շարք երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու  հումանիտար և հասարակական գիտությունների ասպարեզում:  Բանախոսի ներկայացմամբ` ծրագիրը բավական ազատ է ու ճկուն. այն մասնակիցներին թույլ է տալիս ոչ միայն վերապատրաստվել իրենց նախընտրած մասնագիտության ոլորտում, այլև ծանոթանալ ԱՄՆ բուհերի  ուսումնական ծրագրերին, մանկավարժական  ու դասավանդման նորագույն մեթոդներին, մշակել առարկայական նոր ծրագրեր և ձեռք բերել դասավանդման նորարական նյութեր:  Նանե Աբրահամյանը նշեց, որ ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հաճախում են դասերի, մասնակցում տարբեր գիտաժողովների, ինչպես նաև կարողանում են կապեր հաստատել արտերկրից ժամանած ծրագրի մյուս մասնակիցների հետ, ծանոթանալ նրանց կրթական համակարգին, մշակույթին:

Անդրադառնալով ծրագրի առաջարկած պայմաններին, բանախոսը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր  JFDP-ի  մասնակից վերապատրաստում է անցնում ԱՄՆ-ում` գարնանային կիսամյակի ընթացքում` հունվարից մինչև մայիսի վերջը: Նրանց տրամադրվում է ճանապարհածախս, առողջության ապահովագրում, կրթաթոշակ:  Բնակության վայրի հետ կապված խնդիրները հոգում են  ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարանները:

Նանե Աբրահամյանի տեղեկացմամբ`  հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թվականի հունիսի 18-ն է:  Մրցույթի անցկացման կարգին,  դիմում-հայտերի ձևին, այլ մանրամասների ծանոթանալու համար բանախոսը խնդրեց դիմել  Ամերիկյան  խորհուրդների երևանյան գրասենյակ կամ այցելել  www.jfdp.orq, http://americacouncis.am, կայքերը:

Նանե Աբրահամյանը պատասխանեց ներկաների հարցերին: 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին