Գիտական միջոցառումների մեկնարկն ազդարարեց լեզուների ամբիոնը. այսուհետ տեղի կունենան ամբիոնային գիտական սեմինարներ
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի նախաձեռնությամբ, ամբիոնային գիտահետազոտական թեմաների (ներառյալ ԳՊԿ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը) շրջանակում այսուհետ կանցկացվեն գիտական սեմինարներ: Միջոցառումը մեկնարկեց այսօր, լեզուների ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությամբ:
Ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը:
Գագիկ Վարդանյանը ողջունեց նոր նախաձեռնությունը, նշելով, որ այն աննախադեպ է: Պրոռեկտորը շեշտադրեց ՀՊՏՀ-ում գիտահետազոտական բաղադրիչի ամրապնդման կարևորությունը՝ դասախոսներին հորդորելով ակտիվություն ցուցաբերել ամբիոնային գիտահետազոտական սեմինարների նկատմամբ:
Այնուհետև խոսքը տրամադրվեց զեկուցողներին. դասախոսներն ընտրել էին հետաքրքիր ու արդիական թեմաներ:
Քրիստինա Թորգոմյանը անգլերենով ներկայացրեց «Կոմունիկացիոն տեխնոլոգիաների օգտագործումը դասավանդման ընթացքում» զեկուցումը՝ անդրադառնալով դասապրոցեսում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եղանակներին ու առանձնահատկություններին:
Ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս, աստղագետ, գրող, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի (1922-2014թթ.) 95-ամյակի առիթով գրական-վերլուծական հոդված ներկայացրեց բ.գ.թ., դոցենտ Զուխրա Երվանդյանը. «Հայրենիքը և ազգայինը Գ. Գուրզադյանի գեղագիտական համակարգում» զեկուցման մեջ անդրադարձ էր մեծ գիտնականի հայրենասիրական ստեղծագործություններին, ազգայինի, մայրենի լեզվի, կրթության ու հայրենի բնության հանդեպ նրա անձնաշնորհ վերաբերմունքին:
Հաջորդիվ ռուսերեն բանախոսեցին դոցենտ Էլֆինա Թադևոսյանը՝ «Տնտեսագիտական եզրաբանության համանունների առաջացման ուղիները» և դասախոս Արմինե Գասպարյանը՝ «Լրատվական և մասնագիտական տեքստերի թարգմանության առանձնահատկությունները» թեմաներով:
Զեկուցումներից հետո ունկնդիրները հանդես եկան դիտարկումներով ու նկատառումներով:
Մեզ հետ զրույցում Խորեն Մխիթարյանն ասաց, որ այս սեմինարները տեղի են ունենալու ՀՊՏՀ բոլոր ամբիոններում՝ 2017-2018 ուստարվա ողջ ընթացքում:
Վերջնարդյունքում ակնկալվում է ընտրված թեմաների շուրջ հիմնախնդիրների վերհանում, եզրակացությունների և առաջարկություննների ներկայացում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին