ՀՊՏՀ ուսանողների հետազոտական խումբն անդրադարձավ հասարակական սննդի ժամանակակից շուկայի բազմազանությանը
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիվ 3 լսարանում այսօր ներկայացավ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի հետազոտական աշխատանք կատարած մի խումբ ևս: Ուսանողները` Գևորգ Ծատուրյանը, Աննա Մաթասյանը, Էլեն Հակոբյանը, Սարինե Գևորգյանը, Հերմինե Կատվալյանը «Միջազգային մարքեթինգ» դասընթացի դասախոս Վադիմ Գրիգորյանի ղեկավարությամբ որպես ուսումնասիրության թեմա`այս անգամ ընտրել էին միջազգային ֆրանչայզինգը: Հաշվի առնելով հասարակական սննդի ժամանակակից շուկայի բազմազանությունը` հետազոտական խումբն ուշադրությունը կենտրոնացրել էր մեծ պահանջարկ վայելող արագ սնունդ առաջարկող հաստատությունների վրա:
Ուսանողների դիտարկմամբ` ֆրանչայզինգը ռեստորանային բիզնեսում նվազեցնում է ռիսկի գործոնը և վարվող ճիշտ քաղաքականության շնորհիվ ապահովում շահույթ: Հանգամանալից անդրադարձ կատարվեց ֆրանչայզինգային գործունության շնորհիվ Հայաստանում շահավետ բիզնես ծավալած համաշխարհային ճանաչում վայելող այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են` ամերիկյան KFC-ին , Pizza Hut-ը, բրիտանական SFC Express-ը: Ուսանող հետազոտողները տեսապատկերների միջոցով ցուցադրեցին ընկերությունների գովազդային հոլովակները, խոսեցին այս հանրաճանաչ բրենդների հայաստանյան պայմանների, շուկային հարմարվելու ռազմավարության, մրցակցության մասին: Հաջողության առաջնային պայմաններ համարվեցին առաջարկվող ապրանքը, վայրը, մարդկային ռեսուրսը, կորպորատիվ մշակույթը:
«Ներկայացված ուսումնասիրությունն աչքի ընկավ ինքնուրույն վերլուծություններով, հարուստ տեղեկատվական նյութով: Ամենակարևորը, կարծում եմ, ներկայացող հետազոտական խմբերի միջև ծավալված առողջ մրցակցությունն է, որի շնորհիվ ականատես ենք լինում մեկը մյուսից լավ շնորհադեսների»,-ասաց Վադիմ Գրիգորյանը և շնորհակալություն հայտնեց ուսանողներին կատարված աշխատանքի համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին