Դիմորդն արձագանքում է շուկայական տնտեսության առաջադրած պահանջներին. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար

Դիտումների քանակ՝ 1002

«Մեր համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով արդեն մրցույթ ունենք»,- այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում արձանագրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը` մեր խնդրանքով անդրադառնալով ընդունելության գործընթացին «Սա մի իրողություն է, որը ևս մեկ անգամ արտացոլում է ՀՊՏՀ բարձր վարկանիշը: Ընդունող հանձնաժողովի քարտուղարությունում աշխատելու իմ երկարամյա փորձը թույլ է տալիս հավաստելու, որ մեր բուհն իր գոյության ընթացքում երբեք, հիմա հատկապես՝ դիմորդի պակաս չի ունեցել. բացառություն էր միայն անցյալ տարին, այդ էլ, ինչպես գիտեք, օբյեկտիվ հանգամանք էր: Սա օրինաչափ է նաև այն առումով, որ հանրապետության տնտեսագիտական միտքը կենտրոնացած է ՀՊՏՀ-ում»,- նշեց պատասխանատու քարտուղարը` հավելելով, որ գնահատման և թեստավորման կենտրոն ամենօրյա այցելությունների ժամանակ ստացվող տեղեկատվությունը նույնպես գալիս է հաստատելու, որ այս պահի դրությամբ ՀՊՏՀ-ն դիմորդների թվով առաջին եռյակում է: 
Միքայել Թավադյանը հայտնեց նաև, որ դիտարկելով դիմորդների դիմում-հայտերի շարժընթացը` տեսանելի է դառնում, որ հոսքն ուղղորդված է դեպի այն մասնագիտությունները, որոնց պահանջը շուկայական տնտեսությունում մեծ է, և տեղեկատվության միջոցով արագորեն անդրադառնում է դիմորդի մասնագիտական կողմնորոշման վրա: Առաջին հնգյակում, նրա տեղեկացմամբ, պահպանվել են ՀՊՏՀ-ի ինչպես ավանդական վարկանիշային մասնագիտությունները, այնպես էլ առաջանցիկ քայլերով երևան են եկել նորերը: 
Նշենք, որ ընդունող հանձնաժողովն ամեն օր թարմացնում է բուհի շենքին փակցված դիմում-հայտերի շարժընթացի ցուցատախտակի տվյալները և թափանցիկ կերպով այն հասանելի դարձնում բոլոր դիմորդներին: Ըստ այսօրվա տվյալների (շարժընթացը լրացվում է դիմորդների առաջին հայտերով)` մասնագիտությունների առաջին հնգյակը գլխավորում է ֆինանսները, հաջորդում են կառավարումը, բանկային գործը, հաշվապահական հաշվառումը, մարքեթինգը:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովի բոլոր օղակներում դիմում-հայտերի ընդունումն իրականացվում է բնականոն ընթացքով, բայց և ծանրաբեռնված։ Միքայել Թավադյանի խոսքով՝ հանձնաժողովականներին մեծապես աջակցում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամներից կազմավորված շտաբը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին