Ապագա միջազգայնագետները ներկայացրեցին հայկական կոնյակի արտադրությունը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1602

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիվ 3 լսարանում այսօր տեղի ունեցավ հերթական շնորհանդեսը: Մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Վադիմ Գրիգորյանի ղեկավարությամբ այս անգամ ներկայացավ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսը: Մասնակցեցին ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը, դասախոսներ, մարքեթինգ մասնագիտությամբ սովորող ուսանողներ:


«Միջազգային մարքեթինգ» դասընթացի շրջանակներում ապագա միջազգայնագետները ներկայացրեցին իրենց կատարած խմբային հետազոտական աշխատանքը` նվիրված հայկական կոնյակի արտադրությանը: Հետազոտություն կատարած խումբը` Աստղիկ Ղազարյանը, Հայարփի Ավանեսյանը, Շողիկ Անտոնյանը, Վանանուշ Ոսկանյանը, Վարդուհի Բուչախչյանը, անդրադարձան կոնյակի արտադրությամբ զբաղվող և միջազգային ճանաչում վայելող «Պեռնո Ռիկար» խմբի պատմությանը, ռամավարությանն ու նպատակներին:

Նշվեց, որ «Պեռնո Ռիկար» -ի որդեգրած արժեքները` պատրաստակամությունը, ազնվությունը, անկեղծությունն ու նվիրվածությունը, խթանում են խմբային աշխատանքը և նպաստում մասնաճյուղերի միջև համագործակցությանը: Ուսանողական հետազոտական խմբի դիտարկմամբ` Երևանի կոնյակի գործարանը, դառնալով «Պեռնո Ռիկար» խմբի անդամ, ընդլայնեց «Արարատ» ապրանքնիշով կոնյակների արտադրությունը և արտահանման աշխարհագրությունը, ձեռք բերեց միջազգային ճանաչում և հեղինակություն:

Այնուհետև, ուսանողներն, անդրադառնալով հայկական կոնյակի արտադրության շուկային, խոսեցին կոնյակի արտադրության, ընդհանուր իրացման, ինչպես նաև 5 տարուց ավելի հնեցմամբ կոնյակների արտահանման և իրացման ծավալների մասին: Ներկայացվող նյութը մատուցվեց տեսապատկերների և տեսահոլովակների ցուցադրմամբ:
Ավարտին ուսանողները ծանոթացրեցին կոնյակի համտեսի կանոններին և առաջարկեցին համտեսել հայկական կոնյակ և շոկոլադ: 


«Կատարված է լուրջ հետազոտական աշխատանք` ինքնուրույն և ստեղծագործական մոտեցմամբ: Կարևոր է, որ աշխատել եք թիմով, հանգամանք,որն այսօր գործարար աշխարհում հաջողության հասնելու գրավականներից է»,- շնորհակալություն հայտնելով ուսանողներին` ասաց Վադիմ Գրիգորյանը:
«Այսպիսի սեմինար պարապմունքների անցկացումը մեր ամբիոնում արդեն ավանդույթ է դարձել: Ուրախալի է, որ այս փորձը ամբիոնի դասախոսները կիրառում են նաև ՀՊՏՀ մյուս մասնագիտություններով սովորող կուրսերում: Վստահեցնում եմ` այսպիսի լուրջ, ինքնուրույն կատարած աշխատանքներն օգնում են ստանալու գործնական գիտելիքներ, փորձ, հմտություն և, որ պակաս կարևոր չէ, ոգևորում են և ինքնավստահություն հաղորդում սեփական ուժերի հանդեպ», - ասաց ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը և ավելացրեց, որ սիրով կմասնակցի նաև ՀՊՏՀ մյուս մասնագիտություններով սովորողների նմանատիպ սեմինար պարապմունքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին