Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ևս ամփոփվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

Դիտումների քանակ՝ 937

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանություններն ավարտվել են նաև ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում: Դեկան Աշոտ Մաթևոսյանի տեղեկացմամբ` առկա բակալավրիատի հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ սովորող 87 ուսանողից ավարտական աշխատանք է պաշտպանել 85-ը, 2 հոգի մինչ օրս ավարտական աշխատանք չի ներկայացրել: Արդյունքները հետևյալն են` «գերազանց» գնահատական է ստացել 30 ուսանող, «լավ»` 17-ը, «բավարար»` 32-ը, «անբավարար»` 6-ը: Ֆակուլտետի ղեկավարը նշեց, որ ընդհանուր առմամբ, բակալավրի կոչմանը հավակնող ուսանողները հաջողությամբ են պաշտպանել ավարտական աշխատանքները, և արդյունքները գոհացուցիչ են: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական համալսարանի ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ ամբիոնի դոցենտ Հայկ Մնացականյանը հատկապես արժևորել է գերազանց գնահատականներ վաստակած ուսանողների կատարած ուսումնասիրությունները: Դրանք աչքի են ընկել թեմաների արդիականությամբ, վերլուծական մտքով, ինքնուրույն մտածողությամբ ու սեփական առաջարկություններով: 

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աշոտ Մաթևոսյանը նշեց, որ այսպիսի աշխատանքները բարձր է գնահատել նաև գործատուն: Դեկանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ուսանողները հետազոտությունները ներկայացրել են պատշաճորեն` կիրառելով տեսապատկերներ, համարձակորեն պատասխանել են հնչած հարցերին: Աշոտ Մաթևոսյանն անդարդարձավ նաև գործընթացում տեղ գտած թերություններին` մասնավորապես նշելով, որ որոշ դեպքերում ավարտական աշխատանքներում արտացոլված թեմաներն արդիական չէին։

Առկա մագիստրատուրայի աուդիտ մասնագիտացմամբ և հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտությունով մագիստրոսական ատենախոսություն է պաշտպանել 28 մագիստրանտ: 8 մագիստրանտ ստացել է «գերազանց», 15-ը` «լավ», 8-ը ` «բավարար» գնահատականներ: Աշոտ Մաթևոսյանի խոսքով` մագիստրոսական ատենախոսությունների մասին բարձր կարծիք է հայտնել նաև ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջագային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը: Վերջինս նշել է, որ ներկայացված ուսումնասիրությունները աչքի են ընկել հետազոտական ուղղվածությամբ, թեմաների արդիականությամբ: Հատկապես բարձրարժեք են եղել մագիստրանտներ Սաթենիկ Մկոյանի` «Ջրային ռեսուրսների արդյունաբերության վերլուծությունը» և Սևակ Աբրահամյանի` «Կազմակերպության սնանկացումը և դրա վրա ազդող գործոնների վերլուծությունը» թեմաներով ուսումնասիրությունները: Այս աշխատանքներն արժանացել են նաև գործատուի հավանությանը: 
Վերջում ֆակուլտետի դեկանը շնորհավորեց ավարտական աշխատանքներ պաշտպանած բոլոր ուսանողներին և մաղթեց հետագա հաջողություններ:

Հ. Գ. Ի դեպ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը երեկ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: Այս առիթով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է հարգարժան դեկանին և մաղթում նորանոր նվաճումներ գիտության բնագավառում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին