ՀՊՏՀ 3-րդ կուրսեցիները «դարձան» McDonald’s-ի հայաստանյան ֆրանչայզիներ

Դիտումների քանակ՝ 1042

Այսօր ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի «Մարքեթինգային հետազոտություններ» և «Ֆրանչայզինգ» առարկաների  շրջանակներում անցկացված սեմինար պարապմունքը վերածվեց McDonald’s ապրանքանիշի յուրօրինակ շնորհանդեսի, որին մասնակցեցին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:
Ուսանողները,   իրականացնելով ֆրանչայզինգ (արդյունավետ ձեռնարկատիրական գործունեության ձև, ըստ որի հանրաճանաչ, բարձր վարկանիշ ունեցող բրենդի անվան տակ բազմաթիվ ընկերություններ իրականացնում են  սեփական գործունեություն), «դարձան» McDonald’s-ի հայաստանյան ֆրանչայզիներ (այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը  գնում է բրենդ օգտագործելու   իրավունքը): Հանգամանալից անդրադարձ կատարվեց  McDonald’s-ի պատմությանը, բիզնես գործընթացին, գրանցած հաջողություններին ու առաջընթացին, որից հետո ապագա շուկայաբան-ֆրանչայզիները  համակարգված ներկայացրեցին McDonald’s-ի  մարքեթինգի բոլոր յոթ տարրերը` ապրանք, գին, վայր, մարդկային ռեսուրս, առաջխաղացում,  կորպորատիվ մշակույթ, ֆիզիկական ապացույցներ: Ափսոսանքով  նշելով, որ Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ չի գործում  McDonald’s-ի ոչ մի կետ, ուսանողները խոսեցին այս հանրաճանաչ բրենդը Հայաստան բերելու պայմանների, շուկային հարմարվելու ռազմավարության, մրցակցության,  ՀՀ տնտեսությունում, ինչպես նաև գործարար ոլորտում ակնկալվող շահույթների մասին: Ուշագրավ է, որ երրորդ կուրսեցիները հայաստանյան առաջին  McDonald’s-ը առաջարկեցին բացել ՀՊՏՀ-ի հարևանությամբ և կիրառել գովազդի բոլոր ձևերը:  Նշենք նաև, որ ուսանողները նյութը ներկայացրեցին McDonald’s-ի բրենդը խորհրդանշող համազգեստով, ցուցադրեցին իրենց պատրաստած փաթեթավորման հարմարանքները, ինչպես նաև McDonald’s-ի  մասին պատմող տեսապատկերներ ու գովազդային տեսահոլովակներ:
«Այս կուրսում արդեն  4-րդ անգամն է, որ  կազմակերպվում է նմանատիպ շնորհանդես: Այսօր «Մարքեթինգային հետազոտություններ» և «Ֆրանչայզինգ»  առարկաների դասախոս դոցենտ Մարինե Նիկողոսյանի ղեկավարությամբ ուսանողները ներկայացրեցին ոչ միայն լուրջ հետազոտական աշխատանք, այլև  առաջադրված խնդիրներին մոտենցան ստեղծագործաբար և հայտնեցին սեփական տեսակետները»,-ավարտին նշեց մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը ևս իր խոսքում կարևորեց այսպիսի սեմինար պարապմունքների անցկացումը և այս առնչությամբ հայտնեց իր գուհունակությունը:
«Այսպիսի  սեմինար պարապմունքները մեզ օգնում են ստանալու գործնական գիտելիքներ, փորձ, հմտություն և, որ պակաս կարևոր չէ,  ոգևորում են և ինքնավստահություն հաղորդում սեփական ուժերի հանդեպ», - ասաց ուսանողուհի Վարդուհի Հարթենյանը և  վստահեցրեց, որ իրենք մեծ ոգևորությամբ պատրաստվում են մյուս նմանատիպ սեմինար պարապմունքին:
Հիշեցնենք` համանման  3 սեմինար պարապմունքի մասին մենք արդեն գրել ենք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին