ՀՊՏՀ ՄԲԿ ֆակուլտետում ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանություններն ավարտվել են

Դիտումների քանակ՝ 772


ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում երեկ ավարտվել են բիզնեսի կազմակերպում, կոմերցիա, ապրանքագիտություն, մարքեթինգ մասնագիտությունների առկա բակալավրիատի 4-րդ և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունները: Դեկանի տեղեկացմամբ` ավարտական աշխատանք են պաշտպանել առկա բակալավրիատի 207 ուսանող և 3 երկտարեցի, առկա մագիստրատուրայի` 68 մագիստրանտ: Ընդհանուր առմամբ գրանցվել են հետևյալ արդյունքները` «գերազանց» գնահատական է ստացել 63 հոգի, «լավ»` 66-ը, «բավարար»` 81-ը: Մագիստրատուրայում գրանցված արդյունքներն այսպիսին են` «գերազանց»` 43, «լավ»` 18, «բավարար»` 7: Ֆակուլտետի ղեկավարը նշեց նաև, որ ստացած գնահատականը բողոքարկել է 5 հոգի: Ըստ ընդունված նոր կարգի` լսելով բողոքարկողների ավարտական աշխատանքների պաշտպանությունների ձայնագրությունները ռեկտորատի և ուսխորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովը գնահատականները թողել է անփոփոխ: Իսկ ուսանողները համոզվել են, որ արդարացի են գնահատվել:
Անդրադառնալով ինչպես ավարտական, այնպես էլ մագիստրոսական հետազոտական աշխատանքների որակին` Թաթուլ Մկրտչյանը գոհունակությամբ 
ասաց, որ ներկայացված հետազոտությունները հիմնականում կատարված էին պատշաճ մակարդակով, նկատելի էր ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց ղեկավարների ջանադիր աշխատանքը: Հետազոտությունների թեմաները արդիական էին և ժամանակի պահանջներին համահունչ: Դեկանը խոսեց նաև թերությունների մասին` հատկանշելով մասնավորապես գրախոսությունների, բանավոր խոսքի մշակույթի ցածր մակարդակը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ավարտական աշխատանքներ և մագիստրոսական ատենախոսություններ պաշտպանած բոլոր ուսանողներին և մաղթում, որ հաջողությամբ հանձնեն նաև պետական քննությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին