ՀՊՏՀ-ակաները ծանոթացան ֆինանսաբանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն պահանջներին

Դիտումների քանակ՝ 968

Այսօր ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ հանդիպում «Ֆինանսաբանկային քոլեջ» Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող Վաչե Ղազարյանի հետ: Մասնակցեցին ՀՊՏՀ երրորդ և ավարտական կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները:

«Մենք իրականացնում ենք  մի ծրագիր, որը նպատակամղված է ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացող անձանց իրազեկվածության բարձրացմանը: Այս ծրագրի շրջանակներում այցելում ենք տարբեր բուհեր և ներկայացնում մեր կողմից մշակված  գիտելիքների այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ համակարգում աշխատելու համար»,- դիմելով ուսանողներին՝ ասաց «Ֆինանսաբանկային քոլեջ» Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը և տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության առաքելությունն է կրթական, հետազոտական, խորհրդատվական համակարգին առնչվող համապարփակ ծրագրերի իրականացման միջոցով նպաստել  ՀՀ ֆինանսական համակարգի զարգացմանը: Արմեն Սարոյանը ներկաներին տրամադրեց «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի մշակած և ՀՀ 21 առևտրային բանկերի հավանությանն արժանացած ՀՀ առևտրային բանկերում աշխատել ցանկացող սկսնակների  իմացության նվազագույն պահանջների ցանկը, ինչպես նաև  «Ֆինանսաբանկային քոլեջ»  Հիմնադրամի շարունակական կրթության և հետազոտական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող երկարաժամկետ վերապատրաստման դասընթացների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի փաթեթ: Բանախոսը հույս հայտնեց, որ այս հանդիպումից հետո ուսանողների իրազեկվածության աստիճանը կբարձրանա,  կպարզվի, թե գործատուները ինչ գիտելիքներ ու հմտություններ են սպասում  աշխատակցից:

«Բուհն ավարտելուց հետո, երբ առաջին  անգամ  հայտնվեցի բանկում, հիասթափության պահեր ապրեցի: Չէի կարողանում պատկերացնել` ինչպե՞ս պետք է կիրառեմ ստացածս գիտելիքները»,- սկսելով ՀՀ ֆինանսաբանկային, մասնավորապես բանկային համակարգի հիմնախնդիրներին ու պահանջներին նվիրված դասախոսությունը` ասաց ՀՊՏՀ շրջանավարտ, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող Վաչե Ղազարյանը և հորդորեց ձեռք բերել նաև փորձնական հմտություններ, ինքնուրույն որոշումներ կայացնելու, ճիշտ կողմնորոշվելու ունակություն: Բանախոսը, տեսապատկերների միջոցով հանգամանորեն ներկայացնելով ֆինանսական համակարգի կառուցվածքը, անդրադարձավ բանկային համակարգի կարգավորմանն ու վերահսկողությանը, այստեղ իրականացվող հիմնական գործառույթներին, առկա ռիսկերի մակարդակի որոշմանը:
Վերջում բանախոսները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին