Հանդիպում «Այ Էյ Բի» հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր ուսանողները հանդիպեցին «Այ Էյ Բի» հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի միջազգային որակավորման գծով համակարգող Հասմիկ Քյութուկյանի, կարճաժամկետ դասընթացների բաժնի ղեկավար Աննա Կոնջորյանի և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կադրերի գծով մենեջեր Անի Ասլանյանի հետ: Հյուրերն ուսանողներին ներկայացրեցին այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք ապագա մասնագետին կդարձնեն մրցունակ և բարձրակարգ աշխատակից:
«Այ Էյ Բի» հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի կարճաժամկետ դասընթացների ղեկավար Աննա Կոնջորյանի ներկայացմամբ` կենտրոնն ապահովում է բազմազան և բարձրորակ դասընթացներ: Համագործակցելով միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ և լինելով ACCA ուսումնական ծրագրի համագործակիցը` այստեղ կազմակերպվում են քննարկումներով և նորարարական մոտեցումներով հարուստ ինտերակտիվ դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ստանալ միջազգային որակավորում ֆինանսների և հաշվապահության, բիզնեսի զարգացման, մենեջմենթի, մարքեթինգի և անգլերեն լեզվի ուսուցման ոլորտներում: Այս դասընթացներն ավարտած և միջազգային որակավորում ստացած մասնագետները կանգնում են ամուր հիմքի վրա և ապահովում կարիերայի աճ:
«Այ Էյ Բի»-ի միջազգային որակավորման գծով համակարգող Հասմիկ Քյութուկյանը տեղեկացրեց, որ կենտրոնը կազմակերպում է ACCA, CIMA, GARP միջազգային որակավորման դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին խորանալու կոնկրետ մասնագիտության մեջ և, ապրելով Հայաստանում՝ ստանալու միջազգային կրթություն: Այնուհետև ներկայացնելով որակավորման դասընթացներից յուրաքանչյուրը` բանախոսը նշեց, որ ACCA-ն պատրաստում է լայն պահանջարկ վայելող միջազգային որակավորման հաշվապահներ՝ CIMA-ն մասնագիտացնելով կառավարչական հաշվառման ոլորտում, միաժամանակ մեծ ուշադրություն է դարձնում կառավարման հիմնախնդիրներին, հատկապես` կադրերի կառավարմանը, GARP–ը նոր ծրագիր է և վերաբերում է ռիսկերի կառավարմանը: Հասմիկ Քյութուկյանի հավաստիացմամբ` միջազգային որակավորման այս դասընթացների վկայական ունեցողները մրցունակ են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային աշխատանքի շուկայում:
«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կադրերի գծով մենեջեր Անի Ասլանյանը, ներկայացնելով «Գրանթ Թորնթոն» ընկերությունը որպես գործատու, նշեց, որ այստեղ իրականացվում է աուդիտորական առաքելություններ, տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր և միջին ձեռնարկություններին, պետական կազմակերպություններին, կենտրոնական և առևտրային բանկերին Հայաստանում, Վրաստանում և ԱՊՀ այլ երկրներում: Բանախոսի տեղեկացմամբ` հիմնվելով միջազգային կառույցի ամուր հիմքերի, բրենդի և համաշխարհային ցանցում առաջադրվող որակի բարձր չափորոշիչների վրա՝ ընկերությունը մատուցում է աուդիտի, հաշվապահական ծառայություններ, հարկային և իրավաբանական խորհրդատվություններ, որոնք բավարարում են հաճախորդների խստագույն պահանջները:
«Այ Էյ Բի» հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ներկյացուցիչները հույս հայտնեցին, որ ՀՊՏՀ –ի հետ կստեղծվի համագործակցության ամուր կապեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին