Ինչպե՞ս մասնակցել սպայական դասընթացներին. ՀՊՏՀ–ում պարզաբանել են բարձրաստիճան զինվորականները

Դիտումների քանակ՝ 1361

ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ:
ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Հ. Մուրադյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի տեղակալ, գնդապետ Է. Ոսկանյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ Խ. Խաչատրյանը, ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զ. Հակոբջանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի ավագ սպա, գնդապետ Գ. Սողոմոնյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆ. Պողոսյանը քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկներին հանգամանորեն ներկայացրեցին կազմակերպվող սպայական դասընթացներին մասնակցության պայմանները:
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի տեղակալ Է. Ոսկանյանի տեղեկացմամբ` սպայական դասընթացների նպատակը հայոց բանակի հրամանատարական կազմը բարձրորակ և բանիմաց կադրերով համալրելն է: Նա նշեց, որ 2012 թվականին գարնանային զորակոչի ենթակա բակալավրերը, ցանկության դեպքում, կարող են մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում կազմակերպվող այս դասընթացներին: Ավարտելուց հետո զինվորականներին կտրվի սպայական կոչում, և ըստ սահմանված կարգի. 3 տարի ժամկետով կգործուղվեն զորամասեր` որպես դասակի հրամանատարներ: Գնդապետը նշեց նաև, որ զինվորականներին կտրվի բարձր աշխատավարձ, կունենան իրենց գործում առաջխաղացման և զինվորականներին տրվող բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն: 
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Խ. Խաչատրյանը, անդրադառնալով ապագա զինվորականների ուսման, հանգստի և կենցաղային պայմաններին, ասաց, որ ուսանողները սովորելու և ապրելու են 4-րդ կուրսի կուրսանտների հետ: Գերազանցիկները կստանան կրթաթոշակ, նրանց համար կգործի նաև ինստիտուտից ազատ ելքի իրավունք: Գնդապետի տեղեկացմամբ` ցանկացողները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներ և լրացնեն համապատասխան դիմում–հայտեր: Բանախոսը նշեց, որ դասընթացներին մասնակցել ցանկացողներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար ցանկացած պահի կարող են զանգահարել անձամբ իրեն` 665-111 հեռախոսահամարով: 
Առաջարկելով ընտրել զինվորականի պատվաբեր ուղին` ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զ. Հակոբջանյանը տեղեկացրեց, որ իրենց բուհը դասընթացներ է կազմակերպում հակաօդային պաշտպանության և կապի գծով: Նա նշեց, որ ռազմական ավիացիոն ինստիտուտում ստեղծվել են հրաշալի պայմաններ սովորելու, ազատ ժամանակն արդյունավետ կազմակերպելու ու հանգստի համար: Մանրամասներին ծանոթանալու համար գնդապետը տրամադրեց 47 86 51 հեռախոսահամարը:
«Ձեզ ընձեռված այս հնարավորությունը մի’ կորցրեք: Մեկ տարի սովորելուց հետո, դուք 3 տարի կծառայեք ՀՀ զինված ուժերում, կստանաք բարձր աշխատավարձ և 20 տարի ապահովված կլինեք աշխատանքով»,- դիմելով ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտներին՝ ասաց ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Հ. Մուրադյանը և ավելացրեց, որ լավագույն զինծառայողները հետագայում հնարավորություն կունենան ռազմական կրթությունը շարունակելու արտերկրի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում և զբաղեցնելու զինվորական բարձր պաշտոններ:
«Սիրելի ուսանողներ, տնտեսագետ մասնագետների կարիք այսօր մեր բանակը շատ ունի: Ուստի ընտրե’ք զինվորականի դժվարին, սակայն պատվավոր ուղին և մասնակցե’ք մեր հայրենիքի պաշտպանության վեհ գործին»,- իր կոչ–հորդորն ուղղեց ուսանողներին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆ. Պողոսյանը:
Վերջում գնդապետ Է. Ոսկանյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը բուհերի հետ: Այս նպատակով դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի քաղաքացիական ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստարտուրայում պետպատվեր համակարգով տեղեր հատկացվեն և պատրաստվեն ռազմական կրթությամբ համապատասխան մասնագետներ: Նա նշեց, որ ներկայացված բուհերի ցանկում է նաև ՀՊՏՀ-ն. այստեղ պատվիրվել է 10 տեղ` կառավարչական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին