Ներկայացվեց ՀՊՏՀ ASUE.am կայքի «Քննություններ» բաժնի ներդրման նախագիծը

Դիտումների քանակ՝ 1192

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ մեր համալսարանի կարիերայի ու մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների համատեղ աշխատանքի արդյունքում մշակված ASUE.am կայքի «Քննություններ» բաժնի նախագծի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, բոլոր ֆակուլտետների դեկանները, դեկանատների ու ամբիոնների աշխատակիցները: 
«Այսօր ներկայացնելու ենք մի ծրագիր, որի միջոցով ուսանողը գրավոր և թեստային քննությունների արդյունքներին կարող է ծանոթանալ 4-5 օրվա ընթացքում` այցելելով կայք»,-ասաց կարիերայի և մարքեթինգի բաժնի պետ Կարեն Բաբաջանյանը և ավելացրեց, որ այս ծրագիրը դեռևս փորձարկման փուլում է և գործով շահագրգիռ մարդկանցից ակնկալում է դիտողություններ, առաջարկություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Հայկ Միրզոյանի ներկայացմամբ` ծրագրի ներդրումը փորձ է շտկելու քննությունների արդյունքների գրանցման գործընթացում առկա թերությունները: Այս ծրագրի ներդրման շնորհիվ համակարգը կունենա մասնագիտական մի շտեմարան, որտեղ կարող է մուտք ունենալ յուրաքանչյուր ֆակուլտետի այս գործի պատասխանատուն և գրանցել քննությունների արդյունքները։

ASUE.am կայքի «Քննություններ» բաժնի նախագծի ներկայացումից հետո բանախոսները լսեցին ներկաների առաջարկությունները և պատասխանեցին հնչած հարցերին:
Բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը քննարկումից հետո դեկաններին հորդորեց բոլոր առաջարկությունները կարճ ժամկետում գրավոր ներկայացնել համապատասխան ստորաբաժանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին