Ի՞նչ է հարկավոր իմանալ ֆինանսաբանկային համակարգում աշխատելու համար. հանդիպում ՀՊՏՀ–ում

Դիտումների քանակ՝ 750

ՀՊՏՀ հաշվապահական հաշմառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մայիսի 15-ին, ժամը 12.30-ից 14.00-ը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի հանդիպում «Ֆինանսաբանկային քոլեջ» Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող Վաչե Ղազարյանի հետ: 
«Ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացող անձանց իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում իրականացվող այս հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների նվազագույն պահանջներին, պարզելու իրենց գիտելիքների ու հմտությունների համապատասխանությունը գործատուների սպասումներին, հայտնաբերելու մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ: 
Բանախոսները կիրազեկեն նաև «Ֆինանսաբանկային քոլեջ» Հիմնադրամի շարունակական կրթության և հետազոտական կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվող վերապատրաստման երկարաժամկետ դասընթացների մասին, որոնց արդյունավետ յուրացման դեպքում ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացողները կդառնան ավելի մրցունակ և կբավարարեն գործատուների պահանջները:
Հանդիպմանը կարող են մասնակցել ՀՊՏՀ երրորդ, ավարտական կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին