Մեր բուհի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ (լուսանկարներ)
Այսօր՝ վաղ առավոտյան, ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, պրոռեկտորների, դեկանների, փոխդեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի և բուհի մի շարք այլ աշխատակիցների մասնակցությամբ այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակի առջև՝ ի հիշատակ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների։
Այսօր Հայաստանի և Արցախի համար եռատոն է։ Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման հաղթանակների և Արցախի Պաշտպանության բանակի օրը։ 1945 թվականի մայիսին, Հայրենական մեծ պատերազմում, Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ հերոսացավ նաև հայ ժողովուրդը: Տասնամյակներ անց Արցախյան հերոսամարտը, վերահաստատեց հայի կռվելու, հաղթելու կամքը, սեփական երկրի սահմանները անառիկ պահելու, խաղաղ երկնակամարի տակ ստեղծագործ ու խաղաղ աշխատանքով ապրելու ձգտումը:
1992 թվականի մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրումը, որը հայ ռազմարվեստի փայլուն գործողություններից է, բեկումնային եղավ Արցախյան պատերազմում: Այն ոչ միայն ապահովեց Արցախի անբեկանելի հաղթանակը, այլև հաստատեց ազատ և անկախ ապրելու արցախցիների անկոտրում կամքը։ Այդ հերոսական օրերից մեզ բաժանում է 20 տարի: Այսօր իր կազմավորման երկու տասնամյակն է տոնում նաև ԼՂՀ պաշտպանության բանակը:
Ամբողջ հայության համար այսօր մեծ տոն է։ Մայիսյան եռատոնների առիթով բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին